Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մարկ /վիդեո/
Այսօր սիրված շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի ծնունդն է: Սիրված շոումենն այսօր կդառնար 42 տարեկան, եթե վաղաժամ չհեռանար կյանքից:
Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ–ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է 1971թ.–ի սեպտեմբերի 1–ին։ 1988թ.–ին ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է ՛՛Շարմ հոլդինգ՛՛ ընկերությունը։
Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում` ՛՛Մեր բակը՛՛ (1996) և ՛՛Մեր բակը–2՛՛ (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և ՛՛Տաշիր՛՛ ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։
Մարկ Սաղաթելյանը և հայտնի հայ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը 2012թ.–ի հունիսին տեղի ունեցած խոշոր ՃՏՊ–ի հետևանքով ծանր վիճակով տեղափոխվել էին հիվանդանոց։ Ըստ բժիշկների հաղորդագրության, Սաղաթելյանը ոսկորների վնասվածքներ ուներ` կապված վզի և կրծքավանդակի ողերի, ինչպես նաև կոնքազդրային ոսկորների կոտրվածքի հետ։
Ապա այս տարվա հուլիսի 30-ին Մարկ Սաղաթելյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էրհիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, նաև գլխուղեղում արյունազեղում էր հայտնաբերվել:
Իսկ հուլիսի 31-ին շատերն էին արտասվում, քանի որ Մարկը հեռացավ կյանքից: