Քանդվում է պանթեոնի հարակից տարածքի հացատունը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1377950269.jpg)
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքում գտնվող հացատան սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տասնյակ տարիներ գործող օբյեկտն արդեն քանդվում է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ծանոթացել հացատան ապամոնտաժման աշխատանքների ընթացքին. “Մշակութային մեր գործիչների կողմից բազմիցս էր բարձրացվել այս հարցը, եւ բանակցելով սեփականատիրոջ հետ ու համաձայնեցնելով մեր քայլերը, այսօր իրականացնում ենք ապամոնտաժման աշխատանքները:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ սեփականատիրոջը, որ համաձայնեց ապամոնտաժել գործող հացատունն ու տարածքը վերադարձրեց համայնքին: Վստահ եմ, որ սա օրինակ կծառայի նաեւ մյուս սեփականատերերի համար, ովքեր եւս նման տարածքներում ունեն սեփականություն: Ու մենք պատրաստ ենք, բանակցելով նրանց հետ, բոլոր այդ տարածքները բարեկարգել ու վերադարձնել մեր երեւանցիներին”,- ընդգծել է քաղաքապետը:
Շրջելով զբոսայգու տարածքում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել ապամոնտաժման աշխատանքներն ու սկսել բարեկարգման գործընթացը:
Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն պատրաստ են նաեւ Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքի համալիր բարեկարգման ու դենդրոնախագծերը:
Քաղաքապետը վստահ է, որ հայոց մեծերի վերջին հանգրվանը դարձած պանթեոնի հարակից տարածքը եւս առաջիկայում կդառնա երեւանյան սիրված հանգստի գոտիներից մեկը. “Ուսումնասիրելով Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցման նախագծերը` այգու այս տարածքի բարեկարգման ու կանաչապատման համար եւս համալիր մոտեցում ենք ցուցաբերելու:
Աշխատանքների ավարտից հետո թանգարանը եւ այգին մեկ ընդհանուր համալիր կդառնան: Վստահ եմ, որ այս տարածքn ինչպես երեւանցիների, այնպես էլ Երեւանի հազարավոր հյուրերի համար կդառնա ամենասիրված հանգստի գոտիներից մեկը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն