Կքանդե՞ն “Զվարթնոցի” հին շենքը. Ազգ
“Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունը ամիսներ առաջ դիմել է քաղաքապետարանին “Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվության համար: Ըստ կազմակերպության ներկայացրած փաստաթղթերիՙ շենքը պետք է քանդվի, քանի որ վնասված են կոնստրուկցիաները: Երեւանի քաղաքապետարանը մերժել էր կազմակերպության առաջարկությունը:
“Արմենիա միջազգային օդանավակայաններ” կազմակերպությունը նշել էր նաեւ, որ 5-10 տարի անց ավելի են ընդլայնելու իրենց բիզնեսը, եւ հին մասնաշենքը կխոչընդոտի այդ հարցում:
Երեկ “Ազգ”»-ին Հանրային խորհդից տեղեկացրին, որ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կազմակերպել է քննարկում, որի օրակարգում օդանավակայանի հին շենքի հարցն է եղել:
Քաղավիացիայի վարչությունը նամակ էր ուղղել Մանուկյանինՙ քննարկելու եւ գնահատական տալու հարցին: Քաղավիացիայի վարչության պետի առաջարկությամբ հարցը կքննարկվի նաեւ մասնագիտական լսարանում, այնուհետեւ կներկայացնի հանրային լայն քննարկմանը: