2013-ի 1-ին կիսամյակում մայրաքաղաքում անցկացվել են մի շարք մարզական միջոցառումներ
Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված 2013 թվականի նախատեսված տարեկան ծրագրով մարզական միջոցառումները մեկնարկել են փետրվարի 2-11-ը անցկացված շախմատի Երեւանի 2013թ. պատանեկան առաջնությամբ: Փետրվարի 3-5-ը կայացել է “Երեւանյան ձմեռ” մարզական, երիտասարդական փառատոնը, որին հաջորդել է փետրվարի 6-15-ը տեղի ունեցած շաշկու Երեւանի 2013թ. առաջնությունը: Այնուհետ, փետրվարի 9-17-ը եւ 16-17-ը հաջորդաբար կազմակերպվել են ռենձյուի Երեւանի 2013թ. առաջնությունը եւ աթլետիկայի Երեւանի 2013թ. ձմեռային առաջնությունը: Մարտի 22-ից ապրիլի 4-ը անցկացվել է “Առողջ ընտանիք” (երեք սերունդ) մարզական երիտասարդական զանգվածային միջոցառումը: Հաջորդաբար, ապրիլի 1-29-ը “Դինամո” մարզադահլիճում կայացել են արեւելյան մարզաձեւերի Երեւանի 5 առաջնություններ, իսկ ապրիլի 24-29-ը` վոլեյբոլի 2013թ. բաց առաջնությունը: Հաջորդիվ, մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլի Երեւանի հավաքական թիմը Իջեւանում մասնակցել է ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին: Տարեկան ծրագրով մայիսի 20-23-ին բադմինթոնի Երեւանի 2013թ. բաց առաջնության օրերն էին: Հերթը Երեւան-Ստեփանակերտ համագործակցությամբ պայմանավորված ճանաչողական, մարզական հետիոտնային արշավինն էր, որը տեղի է ունեցել մայիսի 23-27-ը՝ ԼՂՀ տարածքում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հունիսի 5-ին կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես՝ Երեւանի մանկապարտեզների թիմերի մասնակցությամբ: Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի կիսամյակային եզրափակիչ միջոցառումը եղել է ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք հանրապետական մրցույթի երեւանյան փուլի անցկացումը` հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն