Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքները

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման, ինչպես նաեւ բնակիչների եւ հյուրերի համար Երեւանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում:
2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին եւ շինությունների պատերին հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:
Արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության եւ Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երեւան այցելողներին հայերենից զատ հուշում է նաեւ անգլերենով:
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաեւ ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրիր, այլեւ կարեւոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:
Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձեւավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:
Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում եւս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային եւ երկաթե նստարան: Տեղադրվել է նաեւ 200 աղբաման:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն