Նոր պահանջներ քաղաքապետին

Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը եւ նրա աշխատակազմը՝ դրսեւորելով ներուժի, կարողության եւ գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության եւ այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների եւ առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետեւաբար քաղաքապետը եւ որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետեւանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը եւս կրում է քաղաքապետարանը:
Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաեւ գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի եւ Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երեւանում ուղեւորափախադրում իրականացնող “ԴՅԱԿՈ-ԱՐԹ” ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ “Երեւան տրանս” ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել եւ քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր եւ հանցավոր վարքագիծ են դրսեւորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:
Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման եւ կասեցման իրավական եւ տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:
Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ եւ երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարեւոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի եւ բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:
Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելաման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաեւ հետեւյալ երկարաժամկետ նպատակները՝
Հանրային ուղեւորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել եւ վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:
Երեւան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս եւ միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:
Ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների եւ մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում եւ հզորացում:
Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների եւ նպատակների իրականացման ուղղությամբ:
“Վճարում ենք 100 դրամ”