Օսկանյանի գործի երեք սցենար
՛՛Քաղաքական այս պատվերը բավական վատ է իրագործվել, իրավական տեսակետից քաղաքական պատվերը բավական բարդ է իրագործված: Սակայն հարցն այն է, թե ով է տվել այդ պատվերը՛՛,- այսօր ասուլիսին ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ խոսելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքի մասին: ՆԺԿ առաջնորդն առաջ քաշեց երեք հնարավոր սցենար, որ ընկած են այս իրադարձությունների հիմքում:
Առաջին սցենարի համաձայն՝ Վարդան Օսկանյանին դարձնում են թեկնածու: ՛՛Իշխանությունն է ուզում նրան թեկնածու դարձնել, իշխանության մեջ սցենարիստը Սերժ Սարգսյանն է՛՛,-նշեց Կարապետյանը:
Երկրորդ սցենարի համաձայն՝ ԲՀԿ-ն սկսել է ընդդիմադիր կեցվածք դրսևորել: Իսկ սա կարող է վերջանալ նրանով, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գա ու չսատարի Սերժ Սարգսյանին: Եթե պարզվի, որ ԲՀԿ-ն է այս ամենի հովանավորը՝ որպես ընդդիմություն հանդես գալու համար, ապա ԲՀԿ-ն կհայտնվի ավելի վատ վիճակում, քան Արթուր Բաղդասարյանի ֆենոմենն է:
Երրորդ սցենարն ավելի բարդ է. այն, ինչպես նշեց Արամ Կարապետյանը, գեոքաղաքական է: ԲՀԿ-ն միշտ պրոռուսական դաշտի հետ լավ հարաբերություններ ունեցող ուժ է եղել: Կարապետյանի խոսքով՝ նրա երկրորդ համարին հովանավորում է Ամերիկյան Հանրապետական կուսակցության անդամ Հանթսմանը: ՛՛Քաղաքական և գեոքաղաքական պատվեր է: Ինչպես կարող է ԲՀԿ-ն լինել պրոռուսական, եթե նրանց երկրորդ համարն անուղղակիորեն կապված է Հանթսմանի հետ՛՛,-նշեց Նոր ժամանակների առաջնորդը:
Ամեն դեպքում Կարապետյանը համոզված է, որ “այդ սցենարը գծվել է Հայաստանում: Ես խորհուրդ եմ տալիս Սերժ Սարգսյանին հաշվի առնել, որ նման սցենարներով բավական վատ կացության մեջ է դրվում երկիրը, դուրս է գալիս, որ ամեն արտգործ նախարար, ով դուրս է գալիս պաշտոնից, պիտի փող լվանա: Սա դատական գործ չի դառնա, ինչպես և Ալիկ Արզումանյանինը: Կատաստրոֆիկ է, արդեն երկրորդ դեպքն է՛՛,-եզրափակեց Արամ Կարապետյանը: