Մեկ շաբաթվա ընթացքում տարածաշրջանում 6 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. հուլիսի 18-ից մինչեւ 24-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 4-ը (3-ից մինչեւ 4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 1-ը` (3 բալ ուժգնությամբ) Իրանի Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են:
Հուլիսի 22-ին Իրան-Ադրբեջան (Նախիջեւան) սահմանային գոտում տեղի է ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվում էր Նախիջեւան քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հուլիսի 21-ին Նոր Զելանդիայի ափերի մոտ` մայրաքաղաք Վելինգթոնից 54 կմ դեպի հարավ-արեւմուտք գտնող էպիկենտրոնով սեյսմիկ իրադարձությունն ունեցել է 6.5 մագնիտուդ ուժ եւ մինչեւ 6 կմ խորություն: Երկրաշարժից տուժել է 1 մարդ, խաթարվել է պետության երկաթուղային հաղորդակցությունը, էլեկտրամատակարարումը, վնասվել են մի շարք շինություններ (այդ թվում` խորհրդարանի շենքը), զոհեր չկան: Հաջորդ օրը Հարավաֆրիկյան Հանրապետության Մարիոն կղզու մոտակայքում (Արքայազն Էդուարդի կղզիներ) տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ, զոհեր եւ ավերածություններ չկան:
Հուլիսի 21-ին Չինաստանի հյուսիս-արեւմտյան հատվածում` Գանսուա նահանգում, գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Մարդկային զոհերի թիվը հասել է 95-ի, ավելին քան 1000-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քանդվել են տասնյակ հազարավոր շենքեր, անօթեւան են մնացել 200 հազարից ավելի բնակիչներ, առավել տուժել են Մինսյան եւ Չժանսյան վարչաշրջանները, որոնք էպիկենտրոնին ամենամոտն են տեղակայված:
“ՍՊԾ” գործակալություն