Ընդդեմ ապատեղեկատվության. ոստիկանությունը պարզաբանում է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/p[olice_1374732754.jpg)
“Լրագիր” կայքէջը ստահոդ լուր է տարածել, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները` ուղեվարձի վճարումներն ապահովելու համար:
Քիչ է ասել, թե այս լուրը չի համապատասխանում իրականությանը. սա բացահայտ ապատեղեկատվություն է եւ միտումնավոր ստախոսություն: Այս լուրը հորինողներն էլ հրաշալի գիտեն, որ ոստիկանությունը երբեք չի ծառայել որեւէ մեկին, բացի օրենքից, պետությունից ու ժողովրդից: Ավելին, ոստիկանությունը երբեք ուղետեսուչի ու վերահսկիչի գործառույթ չի ունեցել ու չի կարող ունենալ: Ոստիկանության գործառույթը օրինականությունը եւ հասարակական կարգը պահպանելն է, ոստիկանության նպատակը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, անկախ նրանից` ուղեւոր են, թե ուղեւորափոխադրող:
Բոլոր քաղաքացիներն են ոստիկանության պահպանության տիրույթում` եւ օրինահարգը, եւ օրինախախտը, եւ նույնիսկ հանցագործը, եւ ավելի քան հանցագործը` նման ստահոդ լուրեր հորինողները, որոնք մութ նպատակներով փորձում են անվանարկել ոստիկանությանը, հանրության մեջ անվստահություն սերմանել ոստիկանության համակարգի բարեփոխման, նույնն է թե` երկրի ու հասարակության ապագայի հանդեպ:
Բազմիցս ասել եւ անթաքույց ապատեղեկատվության սիրահարների համար կրկնում ենք. օրենքի առաջ հավասար են բոլորը, ոստիկանության համար բոլորը երկրի քաղաքացիներն են, որոնց իրավունքների պաշտպանությունը հենց ոստիկանության գործառույթն է, եւ ծառայելով օրենքին` ոստիկանությունը ծառայում է ժողովրդին, ամբո´ղջ ժողովրդին, առանց որեւէ տարանջատման:
Այդպես է եւ այդպես լինելու է միշտ, եւ այդ ընթացքը չի կարող խաթարել ո´չ, սուտը, ո´չ բամբասանքը, ո´չ էլ հիշյալ խայտառակ ապատեղեկատվության կարգի սադրանքները, որոնց սթափ ու անկողմնակալ քաղաքացին երբեք չի հավատա, քանզի իրական է տեսնում եւ´ ոստիկանության բարեփոխումը, եւ´ գործը, եւ´ նպատակները, որոնք ոստիկանությունն իրականացնում է բաց, չթաքցնելով իր իսկ համակարգում եղած թերությունները եւ թերացողներին ու շտկելով դրանք, օրենքի շրջանակներում եւ հանուն արդարության:
ՀՀ ոստիկանություն