18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռեժիսորներին չի հետաքրքրում` ինչ կլինի Օսկանյանի հետ. ակնարկ ԲՀԿ-ին

“Դատախազությունն այլ ելք չուներ, չէր կարողանում կասկածյալին կամ սովորական քաղաքացուն ներառել գործի քննության մեջ”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ հավելեց, որ նման զարգացման հնարավորությունը կանխատեսելի պետք է լիներ:

“Այստեղ խորը քաղաքական հաշվարկ կա: Շատերը մեզ քննադատում են, թե իրենց գործընկերոջը փուռն են տալիս, բայց այստեղ սա չէ  խնդիրը, այստեղ ազգային անվտանգության խնդիր կա”,-նշեց պատգամավորը: Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն այն քաղաքական գործիչների թվին է պատկանում, որոնք կասկածում են արտասահմանից եկող գումարների օգտագործման նպատակայնության վրա, երբ բարեգործության անվան տակ այդ գումարները քաղաքական նպատակներով են օգտագործվում:

“Ես չգիտեմ պարոն Օսկանյանը գիտեր այդ ռեժիսուրայի մասին, թե ոչ: Ինքը իմ վրա թողնում է շատ ազնիվ քաղաքացու տպավորություն, բայց ելույթներում պաշտպանական նախադասությունները մեկ ու կեսից չեն անցնում: Հետեւենք ելույթների երկրորդ մասին, որ հանձինս  Վարդան Օսկանյանի եւ այդ բարեգործական հիմնադրամի, ռեժիսորները նախապատրաստել են խոշոր քաղաքական  ակցիա` դրանով բարձրացնելով իրենց եւ իրենց կուսակցության կշիռը, թե ինչ կլինի Օսկանյանի հետ, այդ ռեժիսորներին չի հետաքրքրում ”,-հայտարարեց Համլետ Հարությունյանը եւ հավելեց, որ քաղաքագիտությունից քիչ թե շատ տեղյակ մարդը բազմաթիվ դեպքեր կհիշի, երբ կուսակցության կարկառուն դեմքերին հանուն հետագա քաղաքական հաջողությունների քաղաքական զոհասեղանին են դրել:

“Այստեղ իշխող կուսակցությունը հետապնդում է զուտ իրավական դեբատներ, մյուս կողմը տանում է դեպի քաղաքական հարթություն, հետեւապես, չորրորդ դասարանի կրթություն ունեցող ցանկացածի համար պարզ է, որ խոսքը այստեղ միլիոնների մասին չէ,  խոսքը Վարդան Օսկանյանի մասին չէ, սա քաղաքկան մեծ սկանդալի սկիզբն է: Նախագահական ընտրություններ են  սպասվում եւ բնական է, որ այն քաղաքական գործիչները , որոնք քաղաքացիական քաջություն չունեն հայտարարելու, որ այո, մենք ընդդիմություն ենք եւ կպայքարենք ձեր դեմ, էսպիսի քաղաքական թատրոն են սարքում եւ դժբախտաբար այս սցենարի գլխավոր  դերակատար են ընտրում Վարդան Օսկանյանին, որը այդքան էլ մեղավոր չի”:

Պատգամավորը ի սկզբանե սխալ համարեց Օսկանյան-դատախազություն, Օսկանյան- բարեգործական կազմակերպություն հարցերը ԱԺ տեղափոխելը:

Հարությունյանը մինչ այս հնչած ելույթների մեջ նկատել է նաեւ քաղաքական երախտամոռության տարր: “Ի վերջո, չի կարելի անցած ճանապարհը մոռանալ, ուրանալ այն մեծ ծառայությունը, որով իշխող կուսակցությունը հնարավորություն է տվել քաղաքական ուժերին ինքնադրսեւորվելու, ուժեղանալու եւ այսօր  մոռանալ դրա մասին, ես  դա երախտամոռության ամենավառ օրինակ եմ համարում”,-հայտարարեց Համլետ Հարությունյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր ` Խոսրով Հարությունյանն իր ելույթում նշեց, որ տպավորություն ունի, թե Վարդան Օսկանյանը զոհի եւ տառապյալի կերպարով փորձում է ձերբազատվել իր քաղաքական անցյալից: Նա զավեշտ համարեց, որ ԲՀԿ-ն է քննադատում քաղաքական մեծամասնությանը եւ քաղաքական պատվերի մեջ մեղադրում` մոռանալով որ երկրում առկա խմնդրիրների պատասխանատվությունը նաեւ ինքն է կրում եւ տվյալ դեպքում ԲՀԿ-ն էլ փորձում է ձերբազատվել քաղաքական անցյալից:

Խոսրով Հարությունյանի խոսքով, ԲՀԿ ելույթները վկայում են, որ նրանք քաղաքական համագործակցության հնարավորություն չեն ուզում տեսնել: “Այս քննարկումից բոլորս պետք է դասեր քաղենք` եւ Հանրապետական մեծամասնությունը , եւ ընդդիմությունը եւ քաղաքական այլընտրանքը”,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: Նա չհասցրեց ավարտել իր ելույթը, քանի որ ժամանակն սպառվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ