Ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք. ՀՀ գլխավոր թոքաբանի խորհուրդները
ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, Հայաստանում անձավաբուժական գործի հիմնադիր, «Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Ոսկանյանը խրոնիկ շնչառական հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի: Հատկապես գարնանը, երբ նման հիվանդությունները սրվում են, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:
«Հատկապես բրոնխիալ ասթմայի դեպքում հիվանդը պիտի շատ կիրթ լինի. բժշկի մոտ, այսպես ասած, դասընթացներ պետք է անցնի, որ հասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը և ինչպես պետք է պայքարել դրա դեմ: Միայն այդ դեպքում հիվանդը սխալ քայլեր չի անի, կոնտակտի մեջ չի մտնի այն գրգռիչների հետ, որոնք ավելի կսրացնեն ասթման:
Ինքնաբուժությունը սխալ է, բայց ահա ինքնակառավարումը ճիշտ երևույթ է: Հիվանդը պետք է կարողանա կառավարել իրեն, պիտի հասկանա՝ ինչպես պետք է կենցաղավարի, ապրի, որ իր վիճակը բարելավվի: Այդ ամենն, իհարկե, պիտի արվի բժշկի խորհուրդներով: Իսկ երբ խոսում ենք բրոնխիալ ասթմայի բուժման մասին, նկատի ունենք նոպայի կանխումը: Տվյալ հիվանդության բուժման մասին խոսելով՝ պետք է ասեմ՝ լիարժեք արդյունք ստանալու համար, այսինքն՝ սրացման բացակայությանը հասնելու համար մենք օգտագործում ենք բուժման կոմպլիմենտար մեթոդը: Մեր անձավաբուժական կենտրոնում անցկացվում են համապատասխան բուժումներ: Մենք ուզում ենք անել այնպես, որ մարդու օրգանիզմը հասկանա իր «սխալը» և բնականորեն վերականգնի իր վիճակը: Մենք ձգտում ենք հասնել ռեկրեացիայի, այն է ՝ վերականգնում հանգստի միջոցով», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Ոսկանյանը:
Վերջինս ներկայացրեց նաև աղաբուժության ու անձավաբուժության դրական կողմերը:
«Աղաբուժություն ասելով, իհարկե, հասկանում ենք, որ աղի առկայությունն ունի իր դերը բուժման գործընթացում, բայց դրա համար կարիք չկա աղի հանք իջնել: Կարելի է ինգալյատոր օգտագործել, կիրառել աղի փոշին՝ որպես պրոցեդուրա. դա, իհարկե, արդյունավետ է: Իսկ աղի հանքի ստորգետնյա առողջարանի պարագայում արդեն բառը հուշում է՝ անձավաբուժություն, այսինքն՝ անձավն է բուժում, անձավի հետ է կապված բուժման տեխնոլոգիան: Անձավում, որը գտնվում է ինչ-որ խորության մեջ, բացակայում են այն գրգռիչները, որոնք գոյություն ունեն վերգետնյա միջավայրում, ինչպես, օրինակ, մագնիասական դաշտն է, արևի քամին, մանրէները, օդի աղտոտվածությունը, փոշին… Աղի հանքի ստորգետնյա առողջաանում հիվանդին մենք, այսպես ասած, իզոլացնում ենք: Երբ հիվանդին իջեցնում ենք այդ ստորգետնյա առողջարանը, իմունային համակարգն այդտեղ պայքարելու կարիք չի ունենում, իսկ երբ իմունային համակարգը լարված չէ, բնականաբար, օրգանիզմը հանգստանում է, մարդու հորմոնալ համակարգը վերականգնում է իր ուժերը: Երկրագնդի ստորին շերտերից թափանցում են թեթև գազեր, որոնք նույնպես դրական են ազդում մարդու առողջության վրա: Խոնավությունն այնտեղ ցածր է: 235 մետր խորության տակ մենք կառուցել ենք առողջարան, որը վերևից մոտ 100 մետր աղի շերտով է ծածկված և մոտ հարյուր մետր բազալտի շերտ կա», – բացատրեց ՀՀ գլխավոր թոքաբանը: Մասնագետը նշեց՝ վերոնշյալ ստորգետնյա առողջարանը համապատասխանում է սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին:
«Այդ ստորգետնյա անձավը մարդուն հնարավորություն է տալիս քանդել մարդու օրգանիզմում եղած այն կառույցը, որը կոչվում է «պաշտպանողական»: Պրոցեդուրան աղի հանքում երեքից հինգ ժամ է տևում: Երբ հիվանդը դուրս է գալիս աղի հանքից, վերը նշված գրգռիչները կրկին «հարձակվում են» նրա վրա, բայց այս անգամ արդեն օրգանիզմը կարողանում է իր պաշտպանողականությունը ճիշտ կառուցել: Բնությունն ինքը վերանայում է իր մոտեցումները ու պաշտպանողական համակարգը ճիշտ է կառուցում: Դրա համար մոտ քսան սեանս է անհրաժեշտ», – ընդգծեց Անդրանիկ Ոսկանյանը:
Վերջինս նշեց՝ կան երեխաներ, ովքեր ի ծնե հիվանդություն են ունեցել և ասթմայով տառապելու ռիսկի առաջ են կանգնած. ահա այս պարագայում փոքրիկների մոտ ապաքինումը կարող է լինել հարյուր տոկոսանոց: «Այսօր Երևանում կան աղի սենյակներ, բայց այդտեղ ավելի շատ կապիտալիզացիան է իշխում, բիզնես նպատակ ունեն դրանք: Դրանք անձավաբուժական կենտրոններ չեն, աղաբուժական կենտրոններ են», – նշեց բժիշկը, ապա ևս մեկ անգամ հորդորեց չշփոթել աղաբուժությունը անձավաբուժության հետ, քանի որ դրանք միմյանցից զգալիորեն տարբերվում են: