Եթե այս հարցը չլուծվեց, ընտանիքով գնալու եմ Հայաստանից. ազատամարտիկը` վարչապետին
«Վարդենիկ» ազատամարտիկների վետերանների նախագահ Գևորգ Այվազյանն այսօր Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ցանկանում է հանդիպել վարչապետի հետ անձամբ, քանի որ բազում հարցեր կան կապված ազատամարտիկների, երիտասարդների հետ: Նա դժգոհեց, որ հիմա հանգստանում է Դիլիջանի հանգստյան տներից մեկում, սակայն. «գիշերը մեր անվտանգությունը շատ «լուռ» է մնացել, անցել եմ բոլոր շենքերով: Ենթադրենք` ես Գևորգը չեմ, այլ մի պարսիկ եմ, այս քաղաքն էլ տուրիստական կենտրոն է, ո՞նց պիտի լինի»,-հարցն այսպես ձևակերպեց նա: Ապա նշեց, որ վստահում է վարչապետին էլ, Պաշտպանության երիտասարդ նախարար Վիգեն Սարգսյանին էլ, սակայն եթե այս հարցը չլուծվեց, ընտանիքով գնալու է Հայաստանից:
Վարչապետը նախ հարցրեց` կարող է արդյոք խորհուրդ տալ, և դրական պատասխանից հետո ասաց. «Ես հասկանում եմ, որ դու հիասթափված ես, նեղված ես և այլն, բայց այդ քո ներքին տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, մեզ մի վախեցրու, որ գնալու ես: Հարցը գրավոր տուր, ես մեր բոլոր քաղաքացիների հետ չեմ կարող հանդիպել, որքան էլ դա ուզեմ»:
Հարց տվողն էլ համաձայնեց գրավոր ներկայացնել: