Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/2013-07-23_phot_1374588395.jpg)
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 23-ին հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:
Նախարարը կարեւորեց Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը հեռահաղորդակցության եւ ճանապարհաշինության բնագավառներում, վստահություն հայտնեց, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման եւ զարգացման համար։
Գագիկ Բեգլարյանը դեսպանին ներկայացրեց “Հյուսիս-հարավ” ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ վերջին շրջանում ծրագրում առաջացած այն խնդիրները, որոնք կապված էին տեխնիկական եւ ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ֆրանսիական “Սաֆեժ” ընկերության հետ:
“Իրավիճակն այնպիսին էր, որ մենք ցանկանում էինք նույնիսկ պայմանագիրը խզել “Սաֆեժ”-ի հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացան վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այսօրվա աշխատանքների ընթացքից ես գոհ եմ”,- նշեց նախարարը:
Անրի Ռենոն ասաց, որ ինքը նույնպես տեղյակ է եղել “Սաֆեժ”-ի հետ կապված խնդիրներին, ուրախ է, որ դրանք արդեն վերացվել են:
Դեսպանը կարեւորեց նաեւ երկու երկրների համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում երրորդ բջջային օպերատոր “Օրանժ” ընկերությունը կատարել է մի շարք բարելավումներ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր:
Հանդիպմանը նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսական համագործակցության տարբեր բնագավառներում ֆրանսիական ընկերությունները Հայաստանում սպասված են եւ մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման եւ փորձի փոխանակման առումով։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն