Կառավարության օրակարգից
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի համաձայն քննարկվել եւ հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության եւ Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, “Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)” վարկային համաձայնագրի շրջանակում անցկացված աուդիտորական ծառայությունների մատուցման մրցույթի արդյունքները եւ կնքվող պայմանագիրը:
Խորհուրդը հաստատել է նաեւ “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձեւավորման միջոցառումների ծրագիր:
Ի գիտություն է ընդունվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի եւ Ծրագիր 2-ի ամփոփ բյուջեների, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի 2013 թ. պահպանման ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Մեկ այլ հարցով արծարծվել է շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի եւ կապի, ֆինանսների, արդարադատության եւ քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը եւ ներկայացնել լուծման առաջարկություններ:
Նիստում ամփոփվել են “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները:
Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման, հարցազրույցի անցկացման եւ խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը: Վարչապետ Սարգսյանը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես, կարեւորել է կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման ուղղությամբ աշխատանքը: