“… դուբինկան կկոխեմ… կամ կգցեմ կնանիքի կամ էլ գոմիկների կամերը”. Իրատես de facto
“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում բարքերն ու կարգերը գնալով անտանելի են դառնում: Արդեն վեց տարի կալանավայրում անցկացրած, ինքնասպանության փորձ արած Մանուկ Մանուկյանը երեկ “Իրատես de facto”-ի խմբագրություն էր զանգահարել` ղեկավարության ապօրինի գործողություններից դժգոհելու: Նրա փոխանցմամբ` ՔԿ-ի ազգային անվտանգության գծով պետի տեղակալը` Զորակ Ավետիսյանը, կանչել է նրան ու պայման առաջարկել, որ ոչ թե բանտի վերահսկող դատախազը ( նկատի ունի հենց բերդի դատախազ Ալիկ Մուրադյանին) “կռիշա” լինի ու նրանից փող ստանա, այլ ինքը:
“Ասացի` չէ, իմ “կռիշը” ոչ մեկն էլ չէ, ու ես հիմնարկի սեփականությունը չեմ, ոչ մեկի հետ էլ չեմ համագործակցում: ՈՒ դրանից վիրավորված, իմ բանտախցի դեմը կամերա է դրել: Անգամ հաց գնելիս խնդիր ա ստեղծում: Ժամերով չենք կարողանում հաց գնել”,- պատմեց Մանուկը եւ հեգնեց, թե իր բանտախցի փոխարեն կողքինի համար պիտի տեսախցիկ դներ, որ գիտեին հիվանդ կալանավոր է ու կախվելու է:
Մանուկը նաեւ պատմեց, որ Ավետիսյանն անընդհատ տարբեր ձեւերով փորձում է իրեն սադրել, ներքաշել տարբեր գործողությունների մեջ: “Նոր կալանավորված տղաներից մեկին կանչել ասել ա, որ եթե Մանուկի “վրա” ճիշտը չգրես, դուբինկան կկոխեմ… կամ կգցեմ կնանիքի կամ էլ գոմիկների կամերը: Իմ կամերից ինձ հարազատ մարդու են տանում ծեծում, որ իմ վրա ցուցմունք տա, շառ անի: Ես էլ գնում եմ ասում` խի ես էդպիսի բան արել, ինքն էլ չի հերքում, ասում ա` լավ եմ արել, իմ աշխատանքն ա ու ես: Ես էլ ասացի` քո աշխատանքը կալանավորին ծեծելն ա՞”,- ասաց ազատազրկվածը եւ ավելացրեց, թե կալանավորների անվտանգությունն իբր ապահովող այս պաշտոնյան իրեն համակարգից դուրս է դնում, ազատազրկվածին նետելով. “Էս երկրում ամենաուժեղն ազգային անվտանգությունն ա, իսկ ես էդ համակարգի մեջ չեմ մտնում, իմ համակարգը լրիվ ուրիշ ա”: