Վաճառվեցի՞ն …

“Այն, ինչ այսօր կատարվում է` գերազանց է և կարծում եմ, որ դա ալիք-ալիք իր դրական էֆեկտը կունենա: Երբ որ այս շարժմանը միանում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, իրականացնում են այդ տեղափոխման ակցիան, դա հրաշալի է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը` խոսելով տրանսպորտի թանկացման դեմ երեւանյան ակցիաներից: Ըստ նրա` սա կարող է մարդկանց բանականության վրա լուրջ ազդեցություն ունենալ, իսկ երկարատև պայքարը կբերի դրական արդյունքների:
Նշենք, որ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին միացել են քաղաքական գործիչներ ”Ժառանգությունից”, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն մեղադրանքներ հնչեցին ՀԱԿ-ի հասցեին: Օգտատերերից մեկը նույնիսկ տեսակետ է հայտնել, որ ՀԱԿ անդամները և մասնավորապես Լևոն Զուրաբյանը ”վաճառվել են”, և այդ պատճառով են լռում :
Մեղադրանքների առնչությամբ Թադևոսյանը հետևյալն ասաց. ”Ամեն մարդ իրենով է դատում ուրիշների մասին, վաճառողը միշտ մտածում է, որ դիմացինն է վաճառվել: Ես դրա վրա չեմ զայրանում, չեմ նեղանում, ամեն մարդ թող իր խղճի առջև պատասխանատվություն կրի և ինքն իր խղճի առաջ պատասխան տա:
Ինչ վերավերում է կոնկրետ գործիչներին, անձամբ ես, օրինակ, իմ տարիքին հարիր արարք չէ, որ ես դուրս գամ ու միջոցառումներին մասնակցեմ, բայց իմ երիտասարդ գործընկերներին կոչ եմ անում մասնակցել դրանց: ՀԱԿ երիտասարդ անդամներն ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացին: Ուզում են այնտեղ տեսնել 60 և ավելի տարիք ունեցող մարդկա՞նց, արդյո՞ք դա գեղեցիկ է:
Ես կարող եմ նստել տրանսպորտ և վճարել 100 դրամ, իսկ ինչ-որ մեկը եթե մեղադրում է, թող դուրս գա տնից ու ինքն անի ակցիա: Պարոն Զուրաբյանին էլ հարիր չէ դուրս գալ և թռուցիկներ բաժանել: Պարոն Զուրաբյանը կարող է երիտասարդներին կազմակերպել, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն ակցիային, և նրանք ակտիվորեն մասնակցում են:
Մեղադրելուց առաջ յուրաքանչյուրն ինքը պետք է փորձի իր գործունեությամբ նպաստ բերել այս կամ այն գործին, այդ ժամանակ ինքը բավականություն կստանա իր արածից ու ժամանակ չի ունենա ուրիշին մեղադրել”:
Հ.Գ Նշենք, որ սովորաբար ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Երեւանի ընտրությունների ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը մշտապես հասանելի են, սակայն այսօր նրանք չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Միգուցե պատգամավորները ամառային հանգիստն են վայելում: