Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն:
“Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ եւ հետեւողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթեւեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող կազմակերպեն նաեւ գիշերային ժամերին, որպեսզի հատկապես բանուկ փողոցներում խցանումներ չգոյանան եւ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն”, – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել նույն սկզբունքը կիրառել նաեւ “Երեւան Ջուր”, “Երեւան գազ”, “Հայաստանի էլեկտրական ցանցեր” եւ “ԱրմենՏել” ընկերությունների կողմից վթարների վերացման հետեւանքով ասֆալտբետոնե ծածկի քանդման եւ վերականգնման աշխատանքների դեպքում:
“Գովազդի մասին” ՀՀ օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների մասով արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մեկ ամսվա ընթացքում գույքագրվել եւ ապամոնտաժվել է օրենքին չհամապատասխանող ավելի քան 3 հազար գովազդային վահանակ: Ամենօրյա աշխատանքներ են տարվում դրանց հետագա կիրառումը բացառելու նպատակով: Զեկուցվել է նաեւ, որ “Գովազդի մասին” օրենքով ապամոնտաժման ենթակա չեն միայն օտարալեզու այն գովազդները, որոնք հանդիսանում են մտավոր սեփականության ինստիտուտով հաստատված կամ միջազգայնորեն գրացված ապրանքանշաններ:
Ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու եւ վարորդների համար կայանման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով ներդրված նոր համակարգի հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բանակցել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ եւ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նոր ընթացակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակել եւս մեկ ամիս, հաշվի առնելով, որ քաղաքացիներից շատերը գտնվում են արձակուրդում եւ, հնարավոր է, տեղեկացված չլինեն գործընթացի մասին:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու եւ 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:
“Մենք պետք է առավել խիստ եւ հետեւողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման եւ երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաեւ համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել եւ ապահովել կրթական, առողջապահական եւ մշակութային հաստատությունների հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը:
Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կատարվել են ստուգայցեր եւ իրականացվել համապատասխան աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու մշտական հսկողության տակ պահել վիճակը:
Նոր ուսումնական տարվան ընդառաջդպրոցներում աշակերտներին դասագրքերի բաժանման գործընթացին անդրադառնալով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողության տակ պահել աշխատանքները` դպրոցներում գրքերի կամ գրենական պիտույքների հնարավոր վաճառքի կազմակերպման դեպքերը բացառելու համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն