Բունտն էլ ինչպես է լինում. ԲՀԿ-ն էլ է միացել
”Ես հարգում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրենքի և Սահմանադրության շրջանակներում պաշտպանում են իրենց իրավունքը, արտահայտում են իրենց բողոքը այդ թանկացումների վերաբերյալ, քանի որ սոցիալական այս պայմաններում, այո’, սա լրացուցիչ բեռ է երևանցու վրա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Երևանում տրանսպորտի թանկացմանը :
Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն արդեն կոնկրետ քայլեր է նախաձեռնել այս ուղղությամբ: Կազմակերպել են հանդիպում, հրավիրել են ուղևորափոխադրում իրականացնող մի քանի կազմակերպությունների, որոնց հետ քննարկել են ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերը:
Կոնկրետ առաջարկները քննարկվել են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստում և ներկայացրել քաղաքային իշխանությանը, ումից Զոհրաբյանն ակնկալում է պատասխան բավական սեղմ ժամկետում:
Պատգամավորը հայտնեց նաև, որ ԲՀԿ-ի երիտասարդական կառույցն է միացել այն քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներին, որոնք պահանջում են գոնե այս փուլում կասեցնել դպրոցականների և ուսանողների ուղեվարձերի թանկացումը, իսկ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ տեղափոխում են տարեցներին, ովքեր ի վիճակի չեն 150 դրամ տալ ու տեղափոխվել քաղաքի մի հատվածից մյուսը:
Հարցին, թե կարծում է, որ տրանսպորտի թանկացման դեմ ծավալված պայքարը կարող է բերել հասարակական սոցիալական բունտի, Զոհրաբյանը պատասխանեց.
”Իսկ հիմա, ըստ էության, սոցիալական գերլարված վիճակ չէ՞: Ես չգիտեմ` բունտն էլ ինչպես է լինում, սոցիալական գերլարված վիճակն ինչպես է լինում, երբ չհանդուրժելով այս իրավիճակը` քաղաքացին ընտրում է արտագաղթի ճանապարհը, քաղաքացին ընտրում է իր բողոքը փողոցներում, հրապարակներում արտահայտելու ճանապարհը:
Ես սա հենց համարում եմ գերլարված իրավիճակ: Սրա անունը բունտ կնդնենք, ինչ կդնենք, սա արդեն երկրորդական է: Մեկ բան հստակ է, որ լրջագույն, օպերատիվ լուծումներ են անհրաժեշտ”:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երևանում տրանսպորտը դարձել է 150 դրամ նախկին 100-ի փոխարեն: Սակայն մի խումբ մարդիկ հրաժարվում են այդ գումարը վճարել և զանազան ակցիաներ են կազմակերպում: