Չինաստանում կբացվի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի կենտրոն
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում, հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարեւորել է կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների եւ գիտնականների միջեւ փորձի փոխանակումը: Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի կենտրոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաեւ աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները: Նախարարը հայտնել է նաեւ, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Համալսարանի ռեկտոր Գոնգ Հյուիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է բուհի գործունեությունը, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության պայմանները եւ այն կրթաթոշակային ծրագրերը, որոնցով օտարերկրացի ուսանողները կարող են սովորել համալսարանում:
Պատվիրակությունն այցելել է նաեւ Շանհայի Ֆու Դան համալսարան, որը Չինաստանի լավագույն համալսարաններից մեկն է: Համալսարանի ռեկտոր Լին Շանլին պատվիրակության անդամներին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, կրթության եւ գիտության որորտում ունեցած նվաճումները: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաեւ տվյալ համալսարան: