Տրանսպորտը պետք է լիներ 70-80 դրամ. ԿԲ նախկին նախագահի հաշվարկը
ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում էլ հիմա տնտեսական զարգացումն այնպիսին է, որ տարբերակ չկա, որ ապրանքներն ու ծառայությունները չթանկական:
՛՛Ուղղակի իրենց հարգող երկրներում դա ուղեկցվում է եկամուտների այնպիսի բարձրացմամբ, որ թանկացումները քաղաքացիների եկամուտների, շահերի վրա չունենան անդրադարձ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բոստանջյանը` նշելով, որ Երևանում հասարակական տրանսպորտը թանկացել է, քանի որ երթուղայինների սեփականատերերը չեն պատկերացնում, որ հանկարծակի կարող է իրենց գերշահույթները նվազել:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համաձայնելով՝ նշեց, որ տնտեսագիտական տրամաբանությունն այս թանկացման մեջ ընդհանրապես բացակայում է:
՛՛Անհեթեթութուն է, որ միանագամից հիսուն տոկոս բարձրանա: Իհարկե, թանկացումներ պետք է լինեն, գազի գինը բարձրացել է, օբյեկտիվ հանգամանքներ կան, բայց այս ցիկլից հետո, երբ ընտրվեց նա, ով պիտի ընտրվեր՛՛: Ասատրյանը հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը կարող է լինել նաև 70-80 դրամ:
Հաշվարկները ԿԲ նախկին նախագահն ինքն է արել՝ ուշադրություն դարձնելով Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տվյալներին: Ըստ դրանց՝ երթուղայինը օրական երկու հարյուր մարդ է տեղափոխում, այսինքն՝ մի անգամ երթևեկելիս տեղափոխում է 13 հոգի, սակայն իրականում այդ թիվը գոնե 40-50 ուղևոր է:
՛՛Երթուղայինի տերը մեկ խնդիր ունի, որ իր գերշահույթները չիջնեն: Գիտեք չէ, թե խորհրդարանում նստած քանի հոգի ունեն գծեր՛՛,-եզրափակեց Բագրատ Ասատրյանը: