Սյունիքի մարզպետի հայտարարությունը
Ներկայացնում ենք Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սյունեցիներ
Ինչպես գիտեք, ռեյտինգային ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել եմ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:
Սյունիքի մարզպետի պաշտոնում իմ՝ շուրջ հինգամսյա պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ հասցրել ենք մի շարք բարեփոխումներ իրականացնել, որոնք միտված են մարզում առկա խնդիրների լուծմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Մեր կողմից հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» միջոցներով կարգավորվում է ջրամատակարարման խնդիրներ ունեցող համայնքների հարցը, հիմնում ենք այգիներ, արտադրամասեր, մարզի համալսարանների գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար սահմանել ենք կրթաթոշակ: Երկար չթվարկեմ, միայն նշեմ, որ սրանք մեր կողմից իրականացվող ծրագրերի մի փոքրիկ մասն են միայն: Բարեփոխումների արդյունքում մենք հասնելու ենք նրան, որ հանրային, սոցիալական ծառայությունները հասանելի լինեն մարզի յուրաքանչյուր բնակչին, մարզում գործազրկության ցուցանիշը հասցվելու է նվազագույնի:
Հարգելի՛ հայրենակիցներ,
2017թ.-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար: Ձեր քվեն ստանալով՝ ես և իմ ղեկավարած թիմը կկարողանանք իրականություն դարձնել ավելի բարեկեցիկ ու զարգացած մարզեր ունենալու մեր ծրագրերն ու տեսլականը: Առաջիկա ընտրություններում մեր թիմի հաղթանակը կլինի մեր աշխատանքի լավագույն գնահատականը:
Սահմանամերձ Սյունիքի մարզի բնակիչները բոլորից լավ գիտեն խաղաղության գինը: Միասին մենք կկարողանանք ապահովել մեր երկրի անվտանգությունը, զարգացումն ու առաջընթացը:
Աստված բոլորիս պահապան: