Փրկիչը եկել է ու համբարձվել է երկինք

” ”Հանրապետականը” չի արձագանքում, ”Հանրապետականը” նախաձեռնում է, ”Հանրապետականը” տարիներ շարունակ նախաձեռնել է քաղաքական երկխոսություն թե խորհրդարանական ուժերի, թե ոչ խորհրդարանական ուժերի հետ և, իհարկե, մեզ համար քաղաքական համագործակցությունը շատ կյարևոր է, և մենք այդ քաղաքական համագործակցությունն իրականացնում ենք` նայած` ով ինչ է հասկանում քաղաքական համագործակցություն ասելով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն արձագանքում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր արած հայտարարություններին:
Նշենք, որ Հովհաննիսյանն ասել էր, որ դանակը պետական ոսկորին է հասնում, և ելք փնտրելու համար բոլոր քաղաքական ուժերին` այդ թվում ՀՀԿ-ին հրավիրում է կլոր սեղանի:
”Եթե պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ մենք արդեն ձախողման եզրին ենք, կործանման եզրին ենք, ապա, ի տարբերւթյուն իրեն, որ մեծ հոռետես է, ես լավատես եմ. ես կարծում եմ, որ, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, բայց մենք դանդաղ առաջ ենք շարժվում և ոչ հետ: Թող մի հատ նայի հետ Հայաստանի ժողովրդավարությունը 10 տարի առաջ, 8 տարի առաջ, թեկուզ 5 տարի առաջ, խոսքի ազատության, բազմակարծության վիճակը, ընդդիմադիր գործիչների վիճակը, կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության հրապարակայնությունը, և տեսնի` մենք առաջ ենք գնում, թե հետ ենք գնում:
Շարմազանովը շարունակելով շեշտեց.
”Եվ հանրապետության նախագահը, և վարչապետը, և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած կառուցողական առաջարկ: Եթե որոշ քաղաքական գործիչներ փորձում են իրենց տեսնել փրկչի դերում, ապա պետք է ասեմ, որ փրկիչը եկել է ու համբարձվել է երկինք, երկրորդ փրկիչ չի լինելու”: