12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել “Լույս” հիմնադրամի կրթաթոշակառուների հետ

ՀՀ Նախագահ, “Լույս” հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, “Լույս” հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաեւ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում “Լույսի” աջակցությամբ սովորող ուսանողներ եւ շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են “Լույսի” “Զարգացնենք Հայաստանը” ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգեւորիչ հաջողությունները: Հանրապետության Նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է “Լույս” հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ եւ հետագա ծրագրերի իրականացման գործում: “Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր եւ դարձել “Լույս” հիմնադրամի կրթաթոշակառուներ: Տարեց-տարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է: Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական: Ինձ համար չափազանց կարեւոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ եւ զրուցել: Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, եւ՛ իրավունք է, եւ՛ հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է “Լույս” հիմնադրամը: Մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու: Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ: Ինչպես գիտեք, հայերը մշտապես ձգտում էին գնալ աշխարհի գիտական եւ կրթական կենտրոններ, բայց վստահ եմ, որ նաեւ գիտեք, որ այդ գործընթացը միանշանակորեն չի գնահատվել եւ այսօր էլ, թերեւս, կան նման մոտեցումներ: Օրինակ, մեր մեծ մտածողներից Ռաֆայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից եւ արագ ուծանում: Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացածմարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, եւ շատ դեպքերում այդպես էլ տեղի էր ունենում:

Այս դահլիճում ներկա են նաեւ այն երիտասարդները, ովքեր “Լույս” հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան եւ այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով: Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է: Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք եւ ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից եւ դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում: Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատեւ չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է եւս որոշ ժամանակ, եւ շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք եւ այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում: “Լույս” հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաեւ այլ առումով: Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը: Չափազանց կարեւոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ եւ իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ: Յուրաքանչյուր երկրի հարստություն, առաջին հերթին, առողջ եւ կրթված երիտասարդներ են: Ես վստահ եմ եւ կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք գիտելիք ստանալով, ավելի եք ուժեղանալու, որովհետեւ մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, եւ ինքներդ ուժեղանալով, ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը: Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն: Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք: Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք, առանց կարդալու՝ անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն: Իսկ առանց լայնախոհության շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որպեսզի օգտակար լինի եւ՛ ձեզ՝ կոնկրետ անձին, եւ՛ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում եւ գործում եք: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ ձեզ հաջողություն եւ ուզում եմ, որպեսզի մեր հաջորդ հանդիպումների ժամանակ այս տարի ընդունվածները եւս ներկա լինեն եւ իրենց օրինակով ոգեւորեն նրանց, ովքեր կընդունվեն 2014, 2015 թվականներին”, – “Լույս” հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ