Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գլխավորությամբ ձեւավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ եւ դրանից բխող “Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր”: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ կառավարության աշխատակազմի, ինչպես նաեւ Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, “Հայաստանի ԴՈՍԱԱՖ” համահայկական հասարակական կազմակերպության եւ ազատամարտիկների ներկայացուցիչներ:
Հայաստանի անկախության հաստատման տարիներից սկսած` արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներն ընդգրկված են կրթադաստիարակչական գործընթացներում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործընթացի իրականացման շրջանակում ՀՀ ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ավանդաբար կազմակերպում է “Գիտելիքի օրվա առաջին դասը վարում են ազատամարտիկները” խորագրով բաց դասեր, ինչպես նաեւ ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ եւ հանդիպումներ, “Նախնական զինվորական պատրաստություն” առարկայի բաց դասեր` ազատամարտիկների մասնակցությամբ: Պարբերաբար կազմակերպվում են ուսանողների եւ դպրոցականների երթեր դեպի Եռաբլուր եւ Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ եւ լսարաններ անվանակոչվել են ՀՀ հերոսների եւ ազատամարտիկների անուններով: Ուսումնական հաստատություններում գործում են փառքի սրահներ եւ ազատամարտիկների թանգարաններ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հայրենասիրության դասաժամեր եւ միջոցառումներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան համալրվել է ուսումնաօժանդակ պարագաներով` ազգային հերոսների, Ղարաբաղյան պատերազմի հերոս-ազատամարտիկների, կին ազատամարտիկների պաստառներով, ինչպես նաեւ ՀՀ ազգային հերոսների կյանքի եւ գործունեության մասին պատմող տեսասկավառակներով, մասնավորապես, “Գեղազնիկ Միքայելյան”, “Թաթուլ Կրպեյան”, “Ջիվան Աբրահամյան”, “Մովսես Գորգիսյան”, “Մոնթե Մելքոնյան” տեսաֆիլմերով:
Պետության կողմից կրթության բնագավառում սահմանված են նաեւ արտոնություններ, որոնցից օգտվում են ազատամարտիկները եւ նրանց ընտանիքի անդամները, մասնավորապես, ազատամարտիկների դպրոցական տարիքի երեխաները կարող են անվճար ուսուցում ստանալ արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատություններում (մարզադպրոցներ, արվեստի դպրոցներ, գեղագիտական եւ մանկապատանեական կենտրոններ), ինչպես նաեւ ամառային անվճար հանգիստ անցկացնել Ծաղկաձորի եւ Հանքավանի առողջարարական ճամբարներում: Արտոնություններ են սահմանված նաեւ ազատամարտիկների ավագ տարիքի երեխաների համար, մասնավորապես, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) եւ 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, մրցույթից դուրս, ընդունվում են միջին եւ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, պահուստային տեղերի հաշվին, անվճար ուսուցման համակարգ:
Պետության կողմից սահմանված է նաեւ, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունն իրականացվում է պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում: