Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում եւ լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները եւս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ն կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անակնկալ այցերով եղել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:
Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաեւ իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերաբար ու շարունակական. “Սա եւս մեկ առիթ է մեր քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծումներ տալու եւ, ինչու չէ, նաեւ տեսնելու վարչական շրջանի ղեկավարի եւ աշխատակազմի շփումը քաղաքացիների հետ: Սա դառնալու է ավանդույթ, եւ լինելու ենք բոլոր վարչական շրջաններում ու միայն սրանով չի սահմանափակվելու քաղաքացիների հետ մեր շփումը”,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես այս, այնպես էլ վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային շրջայցերի ընթացքում քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց բացի, առաջիկայում կմշակվեն նաեւ այլ մոտեցումներ՝ նման շփումներն առավել հաճախակի դարձնելու ուղղությամբ:
Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի ու ջերմ ընդունելության համար՝ նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է եւ տալիս է իր դրական արդյունքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետեւողականություն եւ հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն