28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը Սյունիքում էր

Վարչապետ Կարեն Կարապետյանն  աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:

Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման ենթակառուցվածքներ ու ծառայություններ՝ նպաստելով այցելուների քանակի աճին, ծառայությունների տեսակների ավելացմանը և դրանց որակի բարձրացմանը: Ըստ արդեն իսկ մշակված գլխավոր հատակագծի՝ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել այցելուների կենտրոն, ազգային խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող սննդի օբյեկտներ, հին ավանդական հայկական խաղերի և զվարճանքի կենտրոն: Ծրագիրը նախատեսում է 6 ռազմավարական ուղղությամբ շուրջ 95 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մոտ 1500 նոր աշխատատեղ, իսկ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը կքառապատկվի՝ հասնելով տարեկան 400 հազարի: Նշվել է, որ ծրագիրը հնարավոր է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցությամբ և «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային խնդիրներ: Նախատեսվում է միջոցներ ներգրավել նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Վարչապետը ողջունել է ծրագրի նախագիծը՝ առաջարկելով այն բերել վերջնական տեսքի և առաջիկայում առարկայական քննարկել կառավարությունում:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն, շրջայցի ընթացքում ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին: Նշվել է, որ 2013 թվականից գործող կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն՝ սպասարկելով Սյունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի բնակչությանը: Ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը տարեկան միջինում սպասարկում է 1500 մարդու և կատարում 500 վիրահատություն: Կարեն Կարապետյանը զրուցել է նաև հիվանդների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել կենտրոնի բժշկական ծառայությունների և սպասարկման որակից: Անդրադառնալով առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը նախատեսում է վերանայել քաղաքականությունն այդ ոլորտում և իրականացնել համակարգային բարեփոոխումներ:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, շրջայց կատարել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ  բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ անվճար տեխնոլոգիական կրթություն կստանան ինչպես այս համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Վարչապետին ներկայացվել է, որ եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ: Արտաժամյա դասընթացներից բացի, լաբորատորիայի սաները կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների, որտեղ կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները, կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրում, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների աշխատանքներին: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային համաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի ու Արցախի շուրջ 200 դպրոցում: «Արմաթ»-ում այժմ սովորում է ավելի քան 5 հազար դպրոցական: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ