Մեր շնորհիվ պաշտոն ստացաք, հիմա ասում եք` գնացեք մեռեք. ազատամարտիկների հանրահավաքից/վիդեո/
Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է ազատամարտիկների հրավիրած հանրահավաքը:Նրանք հավաքվել են իրենց պահանջները ու խնդիրները հնարավորինս լուծելի դարձնելու համար:
Ցանկացողները հարթակից ներկայացնում են իրենց առաջարկությունները և գհամատեղ ջանքերով լուծումներ ստանալու ելքեր փնտրում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ երեկվա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը անարդյունք է անցել. “Եթե մենք այսօր ազատության հրապարակում ենք, դա մեր կառավարության վարած քաղաքականության հետևանքով է”,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Ազատամարտիկի խոսքով` վարչապետն իրենց հետ հանդիպմանն ասել է, որ գումար չկա, չեն կարող իրենց հարցերը լուծել: “Մեզ ասում են`մյուս տարի հանձնաժողով կկազմենք և կորոշենք`իսկական և ստից ազատամարտիկ որոշենք, որից հետո նոր գումար կտրվի: Այսինքն` առաջարկում են իսկական ազատամարտիկը մեռնի, որ չտեսնի էլ իրենց ասած այդ “փոփոխությունները”,-հավելեց ազատամարտիկը:
Վոլոդյա Ավետիսյանն առաջարկում է տանը նստած ազատամարտիկներին դուրս գալ, չվախենալ: “Ես տեղեկություններ ունեմ, որ որոշ ազատամարտիկներ վախենում են միանալ մեզ, ես դա չեմ հասկանում: Միթե պարզ չէ, որ մենք մեր ժողովրդի համար ենք պայքարում”,- կոչ արեց պահեստազորի գնդապետը:
Արդեն երկու ամիս շարունակական պայքարի մեջ գտնվող ազատամարտիկը կարծում է, որ հարկավոր է փոխել պայքարի մեթոդները, սակայն դրա համար նախ և առաջ հարկավոր է հրապարակ բերել տներում նստած ազատամարտիկներին: Վերջում Վոլոդյա Ավետիսյանը հիշեցրեց. “Մեր շնորհիվ պաշտոն ստացաք, հիմա էլ ասում եք` գնացեք սոված մեռեք”: