Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը եւ Հրաչյա Հարությունյանի դստեր խնդրանքը Կարեն Անդրեասյանին

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ “Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջեւ սերտ համագործակցությունը”: Ռուսաստանի Օմբուդսմենը նաեւ հայտնել է, որ “Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին” ֆեդերատիվ օրենքի համաձայն` գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը: Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր. այն է` ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան եւ արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխելու քննչական մեկուսարան:
Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է նաեւ Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ եւ քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների` Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա եւ տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաեւ թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում: Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը այս օրերին զանգահարում եւ գրում էին Օմբուդսմենին), կարող են Մոսկվա մեկնելու եւ այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին. 24105013280200 դրամ/AMD, 24105013280201 ԱՄՆ/USD, 24105013280202 Ռուբլի/RUR: Ցանկացողները կարող են կապվել նաեւ Հրաչյա Հարությունյանի դստեր հետ` +374 95 13-30-48 հեռախոսահամարով:
Պաշտպանի աշխատակազմ