Հատուկ երկար ճառ չեմ ասել, որ հետո չասեք՝ տոն օրը քանդեց. վարչապետ
«Ատոմային էներգետիկայի բնագավառում աշխատող մարդն ընդամենը 40 հազար դրամ թոշակ է ստանում: Այդ ճղճիմ թոշակով չի կարողանում գոյություն պահել: Ոչ լույս է վառում, ոչ գազ, այդ հարցին ո՞նց կարելի է լուծում տալ»,- այսօր Էջմիածնում վարչապետի հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լուծումը միակն է ՝ ինտենսիվ աշխատել, աշխատատեղ ստեղծել, տնտեսությունը զարգացնել, որ մեր փողը հերիքի, որպեսզի թոշակ բարձրացնենք»:
Ըստ վարչապետի, իրենք տրամադրված են ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի պարբերաբար ներդրումներ ներգրավվելով, խաղի կանոնները պարզեցնելով, ադմինիստրատիվ միջամտությունը նվազեցնելով, արհեստական մոնոպոլիաները վերացնելով, ուղղակի բիզնեսի և գործարարության դաշտը չխանգարելով հասնել արդյունքների:
Մի շարք այլ հարցերի պատասխանելուց հետո էլ վարչապետը կես կատակ-կես լուրջ նկատեց. «Հարգելի մեծամորցիներ, լինելով էներգետիկ քաղաք, ձեր դահլիճը ցուրտ է»: Հանդիպիումը տեղի էր ունենում Էջմիածնի մշակույթի պալատում:
Ապա վարչապետն ասաց. «Հանդիպման ընթացքում հատուկ երկար ճառ չեմ ասել, որ հետո չասեք՝ տոն օրը քանդեց, եկավ մի երկու լո-լո կարդաց գնաց: Փորձել եմ ձեր հարցերին պատասխանել: Ձեր տոնը շնորհավոր, լավ տրամադրություն»: