« ․․․ առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու»․ Ուրիխանյանի փաստաբանի հայտարարությունը
Շահարկելով նախընտրական շրջանը` շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանն այս դատավարությունը վերածել է շոուի, որի ընթացքում փորձում է իբր իր անմեղության շուրջ հասարակության մեջ տպավորություններ ստեղծել: Հենց այդ կեղծավոր կեցվածքը չեզոքացնելու համար հիմա ընթերցում եմ սույն գործով որպես վկա անցնող փաստաբան Ռուզաննա Ազրոյանի ցուցմունքից հատված (քրեական գործ թիվ 59103216 Հ-7,Գ.Թ.147-151): Այն բերված է այս նույն գործի շջանակներում ձերբակալված Արտակ Գալստյանի խոսքերից.
«Սպասելի էր, որ Անին կարող է շորթման համար մի օր նման իրավիճակում հայտնվել, քանի որ Անին շորթող է: Անին նույնիսկ գնացել է Ռուսաստանի դեսպանատուն ՎՏԲ բանկի թեմայով ու գումար պահանջել բանկի հետ կապված հոդվածներ չհրապարակելու համար»:
Արտակ Գալստյանն ավելացրել է, որ եթե կարողանա Անիին հանել, ապա առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու, քանի որ միայն նրա նման անասունը կարող էր փորձել ՎՏԲ-ի թեմայի մեջ փող աշխատել: Իսկապես, շահարկել ազգի, պատերազմի, հայ զինվորի արյան ու կյանքի թեմաներ գումար ստանալու նպատակով ոչ մի հայ մարդ, առավելևս հայ կին պատկերացնել նույնիսկ չի կարող:
Ինչ վերաբերվում է մյուս մեղադրանքին`չնայած այն հանգամանքի, որ պատգամավոր Ուրիխանյանը, որպես քրեական գործով տուժող կողմ, ներողամտությամբ վերաբերվեց ամբաստանյալ Անի Հովհանիիսյանի նկատմամբ և հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, ո՛չ ամբաստանյալը յուրացրեց իրավապահ մարմինների կողմից իրեն տրված դասը, ո՛չ էլ նրա փաստաբանը գիտակցեց տուժողի մեծահոգությունը:
Նրանք շարունակեցին զզվանք առաջացնող զրպարտիչ, սուտ ու վիրավորող նյութերի հրապարակումը ամբաստանյալին պատկանող Անալիտիկ կայքում: Ուստի տուժողը ներգրավում է մի խումբ փաստաբանների, որոնք քայլ առ քայլ քրեական գործի յուրաքանչյուր դրվագով անցնելով, ապահովելու են դատաքննության ընթացքում տուժող կողմի շահերի պաշտպանությունը:
Քննությանը ներկայացվել է տեսանյութ, որում ամբաստանյալը շատ կոնկրետ, պարզ հայերենով ստանում է հարց ուտալիս պատասխան իր կողմից շորթում անելու վերաբերյալ: Ամբողջ համացանցը հեղեղված է և այն տեսանյութով, որումԱնին հաստատում է սուտ ու զրպարտիչ հոդվածներ չգրելու դիմաց ամսական 300 000 դրամ պահանջը, և այն տեսանյութով, որում նրա օգնականը իր իսկ ցուցումով ստանում է այդ գումարը: Ընդ որում, վերցնում է այդ գումարը ոչ թե ձեռքով, այլ թաքուն գրքի մեջ դնելով, իսկ Անին, տեղեկանալով, որ տարածքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակից կա, հաղորդագրություն է գրում օգնականին, որ չվերցնի այդ գումարը:
Իսկ օգնականի ձերբակալությունից հետո անմիջապես վազում իր գրասենյակ, հետին թվով, շեշտում եմ` հետին ամսաթվով, պատրաստում է պայմանագիր, որպեսզի այնուհետև ներկայացնի, թե իբր պատրաստվում էր այն կնքել Ուրիխանյանի հետ:
Այս ամենը ոչ միայն հանցագործի պահվածքի դասական դրսևորում է, այլև չարամիտ կոծկողի ու կեղծ ապացույցների մասնագետի գործողություն: