Սեյրան Օհանյանը բացահայտում է՝ լուծող չկա
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում: Դաշինքի անդամները հանդիպում են ունեցել սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։
«Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու զարգացումը սկսվում են սահմանապահ գյուղերից: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի սահմանապահ գյուղերի բնակչությունն իրենց վրա զգան այդ ամենը»,- այսօր՝ մարտի 6-ին Տավուշի մարզի Չինարի սահմանապահ գյուղում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը:
Օհանյանը նշել է, որ Չինարին իր ուսերի վրա է տանում և հայ ժողովրդի նորօրյա պատմության ամբողջ հպարտությունը, և այն բոլոր դժվարությունները, որոնք այսօր գոյություն ունեն սահմանապահ գյուղում:
«Հայկական հզոր համայնքներ կան Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, բայց մեզ համար ամենահզոր համայնքը Չինարն է, Մովսեսը, Կոթին, Բարեկամավանը, այն բոլոր բնակավարերը, որտեղից սկսվում է մեր հայրենիքը»,- ընդգծել է նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ առաջիկա ընտրություններին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել:
«Հանգիստ խղճով մեր վստահությունը տանք այն ուժերին, ովքեր ձեր կողքին են եղել, այն ուժերին, որոնք որ փորձելու են գյուղացու խնդիրները լուծել: Յուրաքանչյուր խնդիր լուծում կարող է ունենալ, պարզապես լուծողներ են պետք: Մեր թիմը համախմբված է, յուրաքանչյուր խնդրի համար լուծում է տալու»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը: