Ալավերդիի թատրոնում 50 անց կանայք երիտասարդ աղջիկների դեր են խաղում. Թատերական Լոռի
Հրանտ Մաթեւոսյանի “Աշնան արեւ” բեմադրությանը համահունչ մանրապատումով` Ալավերդի տանող ճանապարհի ու “ Թատերական Լոռի” փառատոնի նկարագրությամբ սկսվեց 21-րդ համաժողովրդական տոնախմբությունը:
Բացվեց վարագույրը եւ ներկաները հոտընկայս, ծափահարություններով հարգեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Գալյա Նովենցի հիշատակը: Կազմակերպիչների հավաստմամբ, դժվար է խոսել Գալյայի հայացքի ներքո, տեսնել նրան եւ չզգալ մեր կողքին: Իսկ այս անգամ փառատոնը նվիրված է Նովենցին:
”Թատերական Լոռի” փառատոնն հիմնադրվել է 1979 թ-ին Ակներ գյուղում: Նպատակն է, տարին մեկ անգամ իրականացնել, ոչ պրոֆեսիոնալ թատերախմբերի ստուգատես` համախմբել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ բոլոր մարդկանց: 2006-ից համայնքային թատրոններին զուգահեռ մասնակցեցին պրոֆեսիոնալ թատերական կոլեկտիվներ՝ Հայաստանից եւ արտերկրից:
Այս տարի փառատոնին կմասնակցեն 22 թատերախումբ, 28 ներկայացումով: Առաջին անգամ Թատերական Լոռի փառատոնը դուրս կգա Ալավերդու շրջանականերից եւ ներկայացումներ կլինեն Սպիտակում եւ Վանաձորում:
“Հայաստանի տարբեր շրջաններից եկած թատերախմբերը տեսնում են հրաշալի բնության մեջ ծվարած Ալավերդին, հետո փորձը ցույց է տալիս, որ հետագայում գալիս են ընկերներով ու ընտանիքներով: Այս օրերին խանութներն ավելի երկար են աշխատում, բնակիչներնն ավելի շատ են շփվում բարձր ճաշակի ու մշակույթի հետ, արտասահամանցիների հետ են ծանոթանում դա էլ իր հերթին նոր հնարավորություններ, նոր ճաշակ ու նոր մոտեցումներ է մշակում”,- ասաց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Ալավերդու համայնքային թատրոնը Մշակույթի տան շենքում է գործում: Փոքր բեմի եւ գումարի սղության պատճառով հնարավոր չի լինում հաճախակի ներկայացումներ բեմադրել: Ավելի լուրջ է դերասանների սերնդափոխության հարցը` երիտասարդներն իրենց կյանքը չեն կապում թատրոնի հետ, քանի որ 35 հազար դրամ աշխատավարձ են ստանում:
“Մենք, փառատոնի շրջանակներում ներկայացնում ենք “Քույրեր կամ անհող այգի” բեմադրությունը, որտեղ սյուժեով 22-25 տարեկան աղջիկների դերակատարները 50 անց կանայք են, բայց առանց Ալավերդու թատրոնի, “Թատերական Լոռի” փառատոն ունենալը պարադոքսալ կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Թատերական Լոռի” փառատոնի տնօրեն, Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը:
Փառատոնին աջակցեցին “Վալլեքս” ընկերությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Ալավերդու, Սպիտակի մշակույթի տները, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնն ու մի շարք հասարակական կազմակերպություններ:
Նելլի Դավթյան