Ով ինչպես և որտեղից է սկսելու քարոզարշավը
Վաղը՝ մարտի 5-ին, մեկնարկում է ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրությունները կայանալու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Կուսակցություններն ունեն 2 ցուցակ՝ համապետական և տարածքային: Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 5 կուսակցություն:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավը սկսում է հենց մարտի 5-ին «Դինամո» մարզադահլիճում: «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Քանի որ մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, այդ օրը մեզ համար բացվելու է Եռաբլուրից, քարոզարշավը մեկնարկելու ենք այնտեղից, վարելու ենք ակտիվ, ագրեսիվ, բայց պոզիտիվ քարոզարշավ»: Իսկ այսօր ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ դաշինքն այդ նույն օրը երեկոյան պաշտոնապես ներկայացնելու է իր ծրագիրը: Մարտի 19-ից դաշինքը միավորված քարոզարշավ կիրականացնի հանրապետության խոշոր քաղաքներում և համայնքներում:
«Ազատ դեկոկրատները» «Հիլթոն» հյուրանոցում են տալու կուսակցության մեկնարկն՝ այստեղ լրագրողներին ու իրենց ընտրողներին ներկայացնելով կուսակցության ծրագիրը:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները չեն շտապում հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ինչպես երեկ էինք հայտնել, մեզ ասաց, որ ամեն մեկն իր քարոզարշավն առանձին է տանելու: Մասնավորապես ինքը սկսելու է Արագածոտնի մարզից, որտեղ էլ առաջադրված է: Այլ մանրամասներ ստանալ չհաջողվեց:
«Հայկական վերածնունդի» անդամ Մհեր Շահգեդլանը ևս այսօր չշտապեց մանրամասներ հայտնել, միայն հայտնի դարձավ, որ մարտի 6-ին է տրվելու քարոզարշավի մեկնարկը:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ծրագիրը կներկայացնի մարտի 6-ին:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը մարտի 5-ի երեկոյան ներկայացնելու է կուսակցության ծրագիրը, իսկ ավելի վաղ էլ կլինի Եռաբլուրում:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մինչ մարտի 5-ը կհրապարակի ցուցակը, իսկ թե ինչպես կտրվի քարոզարշավի մեկնարկը, պարզ չէ:
Հայ յեղափոխական դաշնակցությունն էլ մարտի 5-ին պաշտոնական կերպով կներկայացնի ծրագիրը, ապա տեղի կունենան հանդիպումներ տարբեր համայնքներում: