Թարախապալար ԿԲ-ն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը. Հրանտ Բագրատյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում տեղադրել է ԱԺ-ում ԿԲ 2011թ. հաշվետվության լսումներին հաջորդած իր ելույթը: Որպես այդ ելույթին ընդհանուր նախաբան պատգամավորը նշել է, որ այս հաշվետվություն կոչվածն ակնառու վկայությունն է այն բանի, որ ՀՀ բանկային համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։
‘Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեցին ԿԲ 2011թ հաշվետվության լսումները։ Իմ ու ՀԱԿ ֆրակցիայի անունից ելույթ ունեցա։ Ստորև մեջբերում եմ ելույթը։ Մի քանի ժամ հետո կտեղադրեմ նաև ՀԱԿ անունից պատրաստված 2011թ բյուջեի հաշվետվության նկատմամբ մեր տեսակետը։
Իբրև ընդհանուր նախաբան պետք է ասել, որ այս հաշվետվւթյուն կոչվածն ակնառու վկայությունն է այն բանի, որ ՀՀ բանկային համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Ստորև ներկայացվող կետերը վերլուծում են ՀՀ ԿԲ գործունեության հիմնական թերությունները և ներկայացնում են համակարգի արմատական բարեփոխման հիմքերը։
1.ՀՀ ԿԲ հաշվետվության սկզբում, ԿԲ նախագահի ելույթում, դիտավորյալ ,,վրիպակ,, կա՝ գնաճը 4,7%: Բյուջեի նախագծում ասված է՝ ,,12-ամսյա,, գնաճ: Ո՞վ ասաց. Որ դա 4,7 տոկոսն է եւ ոչ թե 7,7%: Նույնը եղել է 2010-ին՝ 8,7% գնաճ, չնայած համարվել է, որ ԿԲ-ն այն ժամանակ էլ է տեղավորվել նպատակային միջակայքում։ Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարը փորձում է բացատրել, թե ծայրակետային գնաճը բնորոշ է բանկային համակարգին։ Սա չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՀՆԱ հաշվարկելիս օգտագործվում է հենց միջին գնաճի ցուցանիշը։ Ավելին, ոչ ԿԲ-ն, ոչ ՀՀ կառավարությունն իրավունք չունեն 12-ամսյա գնաճը նման կամայական ձևով մեկնաբանել։ Ո՞վ ասաց, որ դա միջին գնաճը չէ։
2.Գնաճն իջնում է, բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ոչ: Վերջին 2 տարում /2010թ. հուլիսի 1-ից/ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6%-ից ավելացել է մինչեւ 8%, իսկ գնաճը 8.7%-ից իջել է 2,5%: Արդյունքում՝ հարստության կենտրոնացում, Լորենցի կորի սրում, աղքատության շեշտակի աճ՝ չնայած ՀՆԱ աճին: Այս ամենն ապշեցուցիչ է հատկապես տնտեսական հաջողությունների մասին կառավարության լոզունգների ֆոնի վրա։ Այսպես, 2011թ ըստ աուդիտորական կազմակերպության տեղեկանքի ՀՀ ԿԲ շահույթը կազմել է 463 մլն դրամ (1,1 մլն դոլար)։ Ի դեպ վերջին տարիներին ԿԲ տարին փակում է կամ վնասով կամ չնչին շահույթով։ Սա սխալ քաղաքականության հետևանք է՝ ուռճացված ծախսեր և չհաշվառված եկամուտներ ունենալու պատճառով։
3.Կապիտալ ակտիվներ ցուցանիշով (19.3%) Հայաստանը աշխարհում գրավում է վերջին տ՚եղը։ Այստեղ աշխարհի միջինը 9.3% է, Վրաստանը՝ 16%, իսկ զարգացած երկրներում ցուցանիշը 6-8% (Հոլանդիա 4,5%, Իսրայել 6,6%)։ Այստեղից էլ այն, որ վարկերի տոկոսները դրամով՝ 14-18% (իրականում՝ մի 5-6% էլ ավել), չի կապվում սղաճի հետ: Ուրեմն՝ վճարողը ժողովուրդն է: 2011-ին մենք ունեցել ենք ամենաանարդյունավետ Կենտրոնական բանկերից մեկն աշխարհում:
4 ԿԲ-ն թվեր է ներկայացնում վարկավորման տոկոսների վերաբերյալ (տես նաև ԿԲ նախագահ Ջավադյանի ելույթը ՀՀ 2011 թ բյուջեի կատարման հաշվետվության մասով)՝ 14-18%։ Մինչդեռ իրական տոկոսադրույքը 5-6%-ով ավել է։ Նախ, մի շարք բանկեր (մեծ մասը) պահանջում են վարկի անօգտագործելի մնացորդ, հետո կանխիկացման տոկոս ու ծառայությունների վճար։ Բացի այդ, գործող օրենսդրությամբ վարկերի մի մասը տրվում են արտարժույթով, իսկ վերադարձվող տոկոսավճարները՝ դրամով։ Այստեղ ևս բանկերը լրացուցիչ փող են աշխատում։
5 Կենտրոնական բանկը գլուխ է գովում, որ միանում է Բազել 3-ին: Վերջինս պարզապես պահանջում է կապիտալի համարժեքության բարձրացում կամ, այլ խոսքերով ասած, տնեսության վարկավորման կրճատում։ Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությամբ (34%) Հայաստանը աշխարհում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։ 2011թ աշխարհի միջինը կազմել է 165%, Թուրքիան՝ 69%, Ուկրաինան՝ 73%, Իրանը՝ 37%, ԱՄՆ 233%, նույնիսկ Վրաստանը՝ 34,3%։ Այսքանից հետո բացարձակ անհեթեթություն է խոսել Հայաստանի իբր թե զարգացած բանկային համակարգ ունենալու մասին։
6 Ասվում է, որ բանկային համակարգի ակտիվները 2011-ին աճել են 32%։ Սա բացահայտ սուտ է, քանի որ Հայաստանի բանկերի պրակտիկայում մեծ տեղ է հատկացված վերավարկավորմանը։ Օրինակ, բանկերն իրենք իրենց մոտ հաճախ հրավիրում են վարկառուներին և խնդրում վերցնել նոր վարկ, հինը փակել և շարժվել այդ նոր վարկի գրաֆիկով։ Սա շատ տարածված է օրինակ շինարարության մեջ։ 2-4 անգամ վերավարկավորումը սովորական պրակտիկա է։ Կարելի է օրինակ սրանում համոզվել ուսումնասիրելով Մաշտոցի պողոտայի վրա նախկին ագենստվոյի դիմաց կատարած շինարարությունը։ Այսպես է ամենուր։ Արդյունքում վարկային պորտֆելի ուռճացման պայմաններում մենք ունենք ֆինանսական ոլորտի աճ, ՀՆԱ աճ։
7 Կենտրոնական բանկը իր պահուստների /1932 մլն դոլար/ տեղաբաշխման մասին ոչինչ չի ասում, չնայած ակնհայտ է դառնում ԱՄՆ, Եվրոպայի, Գերմանիայի, Նիդեռլանդների ու Ճապոնիայի պարագան /էջ 22-24/: Նշվում է մասնավորապես, որ այդ երկրների պետական արժեթղթերի տոկոսադրույքները 0-ից ցածր են (ի դեպ այդպես եղել միայն 2011-ի դեկտեմբերին): Է, ուրիշ տեղ տարեք փողերը: Ի վերջո, ո՞րտեղ են ՀՀ փողերը: Թիվ չկա, աղյուսակ չկա։ Հասկանալի չի, թե այս պարագայում ի՞նչու է սույն փաստաթուղթը կոդվում ԿԲ հաշվետվություն։ երեկ այս դահլճում ՀՀ դատախազն իրեն կոտորում էր, թե բա չեք ասի Օսկանյանը իրենլ իսկ պատկանող փողերը լավ չի տնօրինել, թույլ տվեք նրան քննեմ։ Պր-ն դատախազ իսկ ե՞րբ եք գալու ԿԲ նախագահի ու վարչապետի արածները մեզ հետ քննելու։ Ի՞նչպես կարելի է պետությանը պատկանող 2 մլրդ դոլարի տնօրինումից վնաս ստանալ և պատասխանատվություն չկրել։
1. ,,Ֆինանսական կայունության կարգավորում եւ վերահսկողություն,, բաժինը / էջ 25-36/ մակերեսային է: Ակտիվներ /ՀՆԱ հարաբերակցությունը դարձել է 54% / 2010-ին 45% էր/ : Բայց այս թիվն աշխարհում 6 անգամ ավել է։ Այստեղ գլուխ գովելու ի՞նչ կա։ Ընդհանրապես հաշվետվությունից վատը լավ ներկայացնելու հոտ է գալիս։
9. Շուկայի կապիտալիզացիան Հայաստանում 2011թ. եղել է 0,4%, 2007-ին՝ 1,1% : Վրաստանում այս թիվը 5,5% է: Սրանք են ՀՀ ռեֆորմները, այսպես է մեր բանկային համակարգը կայուն, սա է այդ կայունության գինը: եվ սրա համար ՀՀ-ում օրենսդրորեն ԿԲ-ն է պատասխան է տալիս։ Մինչդեռ այս ցուցանիշով մենք վատագույնն ենք աշխարհում՝ չհաշված այն երկրները, որտեղ ֆոնդային բորսա ընդհանրապես չկա։
10.Մեծ հաշվով հաշվետվությունը ջուր է, ընդհանուր: եթե Հայաստան բառի փոխարեն գրենք մեկ այլ երկրի անուն, ապա ոչինչ չի փոխվի։ Ըստ իս, այդպես էլ եղել է։ Սա մեկ այլ երկրի արտագրած հաշվետվություն է։ Այսպես չեն վերլուծած ԿԲ հիմնական գործունեության արդյունքները, փողի բազան ու զանգվածը, բանկային համակարգի վարկերի կառուցվածքը ըստ ներդրման ոլորտների ու ժամկետների, ավանդների կառուցվածքթ ըստ արժույթի տեսակների, բնակչության մեկ շնչին ընկնող ավանդների ու հաշիվների մեծությունը, այդ թվի համեմատությունը այլ երկների հետ, ցուցանիշների դինամիկան։ Բացարձակապես բացակայում է ԿԲ մեկ այլ գործառույթի՝ բաց շուկայի գործունեության վերլուծությունը։ Հաշվետվությունից դուրս են մնացել ԿԲ գործունեությունը բանկերի ու վարկային կազմակերպությունների գրանցման, լիցենզավորման, լիցեազազրկման, կարգապահական ու տնտեսական տույժեր նշանակելու հարցերում։ Կցկտուր տեղեկություններ կան փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասով գործունեության մասով։ Հասկանալի չէ, թե ի՞նչով է զբաղված ԿԲ վերահսկողական ծառայությունը։ Վառ օրինակ է անձնակազմի կառավարում բաժինը /էջ 50-52/: Ոչ մի խոսք, օրինակ, միջին աշխատավարձի, սոցիալական պայմանների մասին:
11 Վերջին տարիների ՀՀ արտաքին պարտքի մի մասը վերցրել է ԿԲ-ն։ Սա բոլոր դեպքերում արտաքին պետական պարտք է։ Հաշվետվության մեջ ոչ մի խոսք չկա այս օրեցոր աճող պարտքի դրդապատճառների, մեխանիզմների ու սպասարկման հեռանկարների մասին։
12 Հաշվետվությունից բխում է, որ միևնույն մարմինը (տվյալ դեպքում ԿԲ-ն) չի կարող միևնույն ժամանակ և կարգավորել և իր կարգավորածը վերահսկել։ Այլ խոսքերով, այս գործառույթները պետք է տարանջատել։ Ավանդների ապահովագրության հիմնադրամը պետք է հանել ԿԲ ենթակայությունից և հենց նրան հանձնել բանկային համակարգի վերահսկողության գործընթացը։ ԿԲ-ն պետք է իրականացնի միայն կարգավորման գործառույթ։
13 Էապես պետք է փոփոխել վարկավորման մեխանիզմները բանկերի կողմից։ Պետք է մասնավորապես բացառել արտարժույթով վարկերի տրամադրումը։
14 Ժամանակն է նաև լիովին բացառել ԿԲ-ի կող՚մից ոչ բանկային ֆինանսական հաստատությունների գործունեության վերահսկողությունը։ Ի վերջո ֆինանսական շուկան սնվում է նույն աղբյուրից՝ խնայողություններից։ եթե ԿԲ-ն պատասխանում է նախևառաջ բանկերիք համար, ապա նա շահագրգռված չէ, որպեսզի ֆինանսական միջնորդության մյում ինստիտուտները (վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային հիմնարկներ և այլն) աճեն։ Չ՞է որ այս դեպքում կրճատվում է բանկերի ռեսուրսային բազան։
15 ԿԲ կառուցվածքային ու կադրային լուրջ փոփոխության կարիք ունի։ Մասնավորապես, պետք է ստեղծել հակակշիռների մեխանիզմ։ Այսպես, կամ պետք է ԿԲ-ում տարանջատել խորհրդի նախագահի ու գործադիր տնօրենի գործառույթները (խորհրդի անդամներից բոլորը պետք է նշանակվեն ԱԺ կողմից, իսկ գործադիր տնօրենը ՀՀ նախագահի կողմից) կամ էլ ԿԲ-ն պետք է հաշվետու լինի ԱԺ-ի առջև։ Ի դեպ այս նույն հաշվետվության քննարկումն անիմաստ է, քանի որ ըստ էության ոչ մի լուրջ իրավական ու ադմինիստրատիվ հետևանքներ չի կարող ունենալ։ Լուրջ մտահոգության առիթ է ԿԲ կադրային համալրման հարցը։ Այսօր գործում է բանկային համակարգը ԿԲ ղեկավարության հովանավորությամբ առաջ քաշված կադրերով համալրելու պրակտիկան։ Հաճախ գործի են նշանակվում մասնագիտորեն բանկային գործին չհամապասխանող մարդիկ՝ սկսած ԿԲ նախագահից։
Այսպիսով, ԿԲ հաշվետվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայումս ՀՀ ԿԲ-ն թարախապալարի նման թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը։ Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման հնարավոր չի լինելու ապահովելու ՀՀ տնտեսության զարգացումը’։