25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաձայնության եկան

Փետրվարի 23-24-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձություններին, պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած հուզումներին ու տարակարծություններին:

Տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ձեռք բերվեց հետևյալ ընդհանուր համաձայնությունը.

Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները,

Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածությունը տեղապահի ընտրություններին,

Տեղապահի ընտրությունից հետո Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից և աշխարհականներից կազմված հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար,

Տեղապահի ընտրությունից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպվում են Նախաձեռնարկ մարմնի ընտրությունները՝ Պատրիարքության ընկալյալ ընթացակարգերի համաձայն։ Նախաձեռնարկ մարմինը, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը` ըստ գործող ընթացակարգերի,

Նախաձեռնարկ մարմինը ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում Կրոնական ժողովին և հանրությանը` ընտրությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ,

Պատրիարքական ընտրությունները՝ վեցամսյա ժամկետում տեղի չունենալու պարագայում, Կրոնական ժողովի հրավերով Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովը և համայնքային հաստատությունների ատենապետերի ժողովը իրենց վերապահված լիազորությունների շրջանակում դնում են տեղապահի և Նախաձեռնարկ մարմնի վստահության քվեի հարցը,

Նախաձեռնարկ մարմինը ընտրական շրջանում հավասար պայմաններ է ապահովում պատրիարքական թեկնածուներին՝ իրենց ընտրական քարոզչությունը իրականացնելու համար:

Փետրվարի 24-ին, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հանդիպում են ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների հետ։ Հանդիպմանը հրավիրված էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, իբրև պատրիարքական թեկնածուներից մեկը։

Հիշեցնենք, Ամենայն Հայոց կաթողիկոսը կանոնագրի խախտում էր համարել փետրվարի 16-ին  տեղի ունեցած արտակարգ ժողովի որոշումը և ընտրության հետ կապված ճգնաժամային իրավիճակը պարզելու և համապատասխան որոշում կայացնելու համար Հայաստան է հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ