Ծախսերի արդյունավետությունը նաեւ ատկատների՞ն էր վերաբերվում. Նիկոլը` վարչապետին
“Դուք հեռուստացույց չե՞ք նայում, չգիտե՞ք որ կառավարությունում խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է` Տիգրան, ես ձեզնից դժգոհ եմ: Այստեղ հակասություն է առաջանում, հստակեցրեք այս հակասությունը”,-քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմեց ՀԱԿ խմբակցություն պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, թե 2011 թվականի բյուջեի հաշվետվության կատարողականի քննարկմանը վարչապետը հայտարարեց, թե բյուջեի միջոցներն արդյունավետ են ծախսվել: Նիկոլ փաշինյանը հետաքրքրվեց, թե ծախսերի արդյունավետությունը վերաբերվում է նաեւ ատկատների՞ արդյունավետությանը:
“Իմ ելույթում, երբ ներկայացնում էի տասնմեկ թվականի հաշվետվությունը, ես նշեցի, որ մեր բյուջետայինն ծախսերը իրականացվում են թափանցիկ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք չունենք թերություններ եւ բացթողումներ հենց գնումների ոլորտում: Ես ուրախ եմ, որ Դուք ուշադրությամբ հետեւում ենք այն բացթողումներին ու թերություններին, որոնց մասին մենք ինքներս ենք խոսում: Այո, մենք այսօր ունենք լուրջ թերություններ գնումների ոլորտում, համոզված եմ, որ մեր քաղաքական թիմը ի վճակի է այդ խնդիրը լուծել”,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե նման խորհրդակցություններ հասարակությունը ամեն տարի տեսնում է, բայց արդյունքներ չեն արձանագրվում: Ըստ նրա` 2009-ի Ամանորին կառավարությունը խոստացավ մենաշնորհներին վերջ տալ, նմանատիպ մի խորհրդատվություն անցկացվեց մարտի մեկի սպանությունների բացահայտման հետ կապված, որը արդյունք չտվեց: “Թույլ տվեք կանխատեսել, որ սա հերթական խորհրդակցությունն էր”,-նկատեց Փաշինյանը` հավելելով, թե ժողովուրդը ուրախ կլինի, եթե ինքը սխալվի:
“Համաձայն չեմ, որ ոչ մի փոփոխություն եւ առաջընթաց չկա: Այդ առաջընթացը կա, բայց մեզ չեն բավարարում տեմպերը եւ այդ առումով ձեր քննադատությունը տեղին է”,-ի պատասխան նշեց Տիգրան Սարգսյանը: