Շառլ Ազնավուրը “Ոսկե ծիրան”-ի պատվավոր խորհրդի անդամ
“Ոսկե ծիրան” Երեւանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:
Նույն օրը, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին եւ Շվեյցարիայում ՀՀ Փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց “Գործարար նախաձեռնությունների ուղղություններ” կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից “Ոսկե ծիրան” կինոփառատոնին շնորհված “Միջազգային աստղ որակի համար” մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնեւ) եւ շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին: