25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 45.5 տոկոսով

ԱՎԾ հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներըի համաձայն 2017 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատությամբ աճել է 6.5 տոկոսով: Արդյունաբերությունը աճ է գրանցել 12.2 տոկոսով, ծավալը կազմում է 108 122.5 մլն դրամ: Գրեթե նույն հաջողություններն են արձանագրվել ծառայությունների ոլորտում ապահովելով 12.1 տոկոսանոց աճ, ծավալը՝ 96 220 . 5 մլն դրամ: Պետք է նշենք, որ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը երկարատև անկումից հետո աճի միտում է գրանցում՝ 5.5 տոկոս, ինչն պայմանավորված է պղնձի միջազգային գների աճով: Վերջինս դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա: Զգալիորոն ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, այն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմում է 13.6 տոկոս:

Գյուղատնտեսությունը վերջին ամիսների անկումից հետո, կարծես մի փոքր դրական միտում է դրսևորում, ապահովելով 0.2 տոկոսանոց աճ, հունվար ամսվա կտրվածքով ծավալը կազմում է 16 016.9 մլն դրամ: Ակնհայտ է, որ գյուղատնտեսական ոլորտում տիրող իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, և անհրաժեշտ է վերանայել գործող սուբսիդավորման մեխանիզմները և թիրախները, նպատակային դարձնել աջակցությունը:

Հայտնի է, որ որոշում է կայացվել դիզվառելիքի եւ սերմացուի սուբսիդավորումը փոխարինել գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով: Այսինքն տրակտորներ եւ այլ տեխնիկա ձեռք բերել եւ օգտագործման տրամադրել գյուղացիական տնտեսություններին: Շինարարության անկումը շարունակական բնույթ է կրում, թեպետ մի փոքր նվազել է անկման տենդենցը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ անկումը կազմում է 5.3 տոկոս: Ներքին առևտրի շրջանառության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 9.4 տոկոս է և կազմում է 128 759.3 մլն դրամ:

Աճի ցածր տեմպը պայմանավորված է տրանսֆերտների կրճատման արդյունքում բնակչության եկամուտների և սպառման վարքագծի փոփոխության հետ: ԱՎԾ տվյալների համաձայն՝ 6.2 տոկոսով ավելացել է միջին ամսական աշխատավարձը, ինչպես նաև գրանցվել է 0.6 տոկոսանոց գնանկում: Աննախադեպ է արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը, որը արդեն շարունակակական բնույթ է կրում և նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ կազմել է 45.5 տոկոս, ապահովելով 174.2 մլրդ դրամ:

Նշենք, որ արտահանման ծավալները շարունակում են պահպանել դրական տենդենցը և աճը կազմել է 35.4 տոկոս, ապահովելով 59.0 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ներմուծման ցուցանիշը երկարատև անկումից հետո նախորդ ամսին գրանցել էր ընդամենը 1.6 տոկոսանոց աճ, իսկ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճի տեմպը կազմել է 51.4 տոկոս, ապահովելով 115.2 մլրդ դրամ:

Հայտնի է կառավարության հայտարարած մոտեցումը ներմուծումների ազատականացման և հսկիչ գների սահմանափակ կիրառման վերաբերյալ: Ներմուծումների ցուցանիշը փաստում է, որ այդ ոլորտում տնտեսվարողները ավելի վստահ են գործել: Նշենք, որ 2005-2016 թթ. երկրի արտահանումն աճել է ընդամենը 2,3 անգամ: Արտահանումը երկրի արտարժույթ աշխատելու կարողությունն է: Եթե երկրի արտահանումը արտաքին պարտքի աճի համեմատ բավարար արտարժույթ չի ապահովում՝ այն սպասարկվում է նախկինում կուտակված ռեզերվների հաշվին, ինչը բերում է երկրի արժույթի արժեզրկման:

Արտահանմանը ուղղված արդյունաբերության աջակցությունը պետք է դառնա կառավարության առաջնային խնդիրը: Միայն արդյունաբերության զարգացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել կայուն տնտեսական զարգացում: Իսկ թե ինչպե՞ս պետք է հավասարակշռվի ներմուծման և արտահանման բալանսը, կարծում եմ դա այն խնդիրն է, որը պետք է կարգավորվի ոլորտային արտոնությունների, հարկային և մաքսային քաղաքականության շնորհիվ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ