Թալիշցիներն ընտրելու հնարավորություն ունեն
Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը երախտագիտություն հայտնեց նրանց՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար։ Ըստ Ս. Արզումանյանի՝ դիտորդներից և լրագրողներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են ոչ առաջին անգամ: Եվ փաստ է այն, որ այդ գործընթացների վերաբերյալ նախկինում արտահայտած նրանց կարծիքները, իրավամբ, նպաստում են ժողովրդավարության ամրապնդման հստակ ուղիով ընթացող Արցախի Հանրապետության միջազգային վարկանիշի բարձրացմանը:
ԼՂՀ ՀԿՀ նախագահը պատասխանեց դիտորդներին և լրագրողներին հուզող հարցերին։
Այն հարցին, թե որքանով է հնարավոր լինելու ապահովել Թալիշի բնակչության մասնակցությունը հանրաքվեին՝ Ս. Արզումանյանն ասաց. «Ընտրական հանձնաժողովների թիդ 1 խնդիրը Թալիշի բնակչության մասնակցությունն ապահովելն է և նրանց ընտրական իրավունքի իրացումը։ Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը կենտրոնացված է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում, որտեղ էլ կկազմակերպվի նրանց քվեարկության գործընթացը։ Բացի այդ, Երևան քաղաքում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ևս կապահովվի Հայաստանի տարածքում գտնվող թալիշցիների մասնակցությունը հանրաքվեին»։
Նախորդ ընտրությունների ժամանակ եղե՞լ են թերություններ ու բողոքներ և որքանո՞վ են հաշվի առնվել դրանք՝ հարցին պատասխանելով Ս. Արզումանյանն ասաց. «Նախորդ ընտրությունների ժամանակ պաշտոնական բողոքներ չեն եղել՝ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի մեկ ընտրատարածքում արձանագրված վերահաշվարկի պահանջից։ Վստահված անձանց ներկայությամբ կատարված վերահաշվարկից հետո քվեարկության արդյունքները մնացել են անփոփոխ»։