Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ խաղի կանոնների զոհն է. Ժառանգություն
Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու օրակարգով իշխանությունը շարունակեց այն տխուր ավանդույթը, որը կար: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, որպես կանոն այս եւ նախորդ դեպքերի ժամանակ երեք օրինաչափություն է նկատվում` նախ, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկում են նախագահական ընտրույթունների նախաշեմին, երկրորդ, որ այս միջոցառումն իրականացվում է ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, եւ երրրորդ` այս ողջ գործընթացը վնասում է Հայաստանի հեղինակությանը:
“Սա շարունակությունն է 96-ի սեպտեմբերի 26-ի դեպքի, երբ նախագահ չէր ընտրվել, բայց ԱԺ մտավ նախագիծ, որով ութ ընդդիմադիր քաղաքական դեմքեր զրկվեցին անձեռնմխելիությունից եւ հիմնական մասն ուղարկվեց բանտ”,- ասաց Ռուբեն Հակոբյանը եւ հիշեց 2008 թվականի նմանատիպ օրինակները:
“Պետք է շատ չուզենաս, որ քաղաքական պատճառ չտեսնես”,-նշեց Հակոբյանը եւ հավելեց, որ թեեւ Օսկանյանին ուղղված մեղադրանքի ծավալն է փոխվել, այսուհանդերձ, դեպքը կրկնվում է:
Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ խնդիրն արդեն բարձրացվել է ԵԽԽՎ-ում եւ նշեց, որ ՀՀ նկատմամբ ոչ բարեկամական տրամադրված երկրներն անպայման կօգտվեն սրանից:
Հարցին, թե ինչ գնահատական կտա փաստին, որ Օսկանյանի հարցով քննարկումնեևրին ԲՀԿ լիդերը ներկա չի եղել, Ռուբեն Հակոբյանն ասաց.”Խոսքը բացառապես մեր դեպքում վերաբերվում է Վարդան Օսկանյանին: Օսկանյանը իմ կարծիքով~ զոհ է ձեւավորված խաղի կանոններին, որոնք ձեւավորվել են այս երկու կուսակցությունների միջեւ արդեն հինգ-վեց տարի է”:
Հարցին, թե պետք է լիներ Ծառուկյանն այդ քննարկմանը, թե ոչ, բանախոսն ասաց.”Ես` կլինեի, ի վերջո, ցուցակում երկրորդ դեմքի մասին է խոսքը, որը ամբողջացնում է կուսակցության քաղաքական դիմագիծը: Սա միայն քաղաքական հարց չէ , այլեւ բարոյական”:
“Սա ուղղված է Օսկանյանի քաղաքական դիմագիծ ունեցող անձի դեմ: Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն խնդիր ունեն, մանավանդ վերջին զարգացումներից հետո, երբ Գյումրիում միասին քաղաքապետ են ընտրում”,-նշեց նա:
Հարցին, թե ով կլինի պոտենցիալ օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.”Մենք բոլորս պոտենցիալ օսկանյաններ են: Իննսունվեց թվականին ՀՀՇ-ի տղաները չգիտեին, որ բումերանգի էֆեկտով 2008-ին իրենք են ձերբակալվելու, ԲՀԿ-ն 2008-ի սեպտեմբերի 4-ին, երբ քվեարկում էին նրանց ձերբակալման օգտին, չգիտեին, որ 2012-ին նույն խնդրի առջեւ են կանգնելու: Այսօր 131 պոտենցիալ զոհ կա խորհրդարանում: Վաղը մյուս օրը գուցե Հանրապետական տղաներին պաշտպանենք այս ամենից”: