ԼՂՀ ԱԳ նախարարը շտկում է ինքն իրեն
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույց է տվել “Մեդիամաքս”-ին: Հիշեցնենք, Միրզոյանը հայտնվել է սկանդալային պատմության մեջ` կապված ԼՂՀ Ադրբեջանի կազմում կարգավիճակի շուրջ ֆրանսիական հեռուտաընկերությանն արած իր արտահայտության հետ: Արցախում սա բացատրում են լարվածության կամ անգլերենի չիմացության խնդիր:
– Պարոն նախարար, նախօրեին արված Ձեր հայտարարության մեջ Դուք նշել էիք, որ “կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը` նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է”: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը նվազեցնում է ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ փոխզիջման հասնելու հնարավորությունը:
– ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ՝ 1991 թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ եւ օրինական կամարտահայտման միջոցով: Դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առեւտրի առարկա լինել, եւ այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք:
Սրանից ելնելով, մենք գտնում ենք, որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների եւ պայմանների մշակման վրա:
Հենց այս պատճառով մենք գտնում ենք, որ Ադրբեջանի կողմից ներկա իրողությունների արագ ճանաչումը եւ ԼՂՀ վերադարձը բանակցությունների սեղանին թույլ կտան առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում:
– Ադրբեջանը մշտապես բարձրացնում է այսպես կոչված “օկուպացված” տարածքների հարցը: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:
– Եթե խոսքը գնում է Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին, ապա դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են կազմում, եւ տվյալ փաստն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:
Պետք չէ մոռանալ նաեւ ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից եւ մինչեւ օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:
Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ պատմական արդարության վերականգման եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի ապահովման համատեքստում: