“Կներեք, դա մեր ներքին խոհանոցն է”. Բակո Սահակյանը հանդիպել է սկանդալի մեջ ընկած ԱԳ նախարարին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը “Henaran.am“-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ֆրանսիական հեռուստաընկերության եթերում արած սկանդալային հայտարարություններին: Մամլո խոսնակը նախ ուրախ է, որ նման դեպքերում աղմուկ է բարձրացվում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի “իմունային համակարգը լավ է գործում”:
“Անկախ նրանից` դրական հայտարարություն է, բացասական հայտարարություն է, շատ լավ է, որ ժողովուրդն արձագանքում է: Ուրեմն Ղարաբաղի ճակատագիրը հետաքրքրում է բոլորին”,-ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը: Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, ապա Դավիթ Բաբայանը լավ գիտի նրան: “Նա այս հող ու ջրի մարդ է, հայ է, եւ վերջապես Ղարաբաղի ԱԳ նախարարն է: Ինչպե՞ս կարող էր նա թույլ տալ նման բան ասել, որ ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Դա բացառվում է”,-նկատեց նա:
Նախագահի մամլո խոսնակի խոսքով` ԱԳ նախարարը գերլարված էր` “կարեւոր հարցազրույց էր, կարեւոր հեռուստաընկերությամբ”, եւ հետո Կարեն Միրզոյանին հարց է տրվել հակամարտության մասին: “Նա ցանկացել է ասել, որ հակամարտությունը պետք է լուծում ստանա, այլ ոչ թե ցանկացել է ասել, որ նորից միանանք Ադրբեջանին: Կարծում եմ` գերլարվածությունն էր եւ անգլերենի իմացությունը”,-ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով` ԱԳ նախարարը հանդիպել է Բակո Սահակյանին, քննարկվել է իրավիճակը: “Կներեք, դա մեր ներքին գործառույթն է, այսպես ասած` մեր խոհանոցն է, եւ մանրամասներ չեմ կարող հաղորդել”,-“Henaran.am“-ի հետ հեռախոսազրույցում ասաց Դավիթ Բաբայանը` չմանրամասնելով, թե ինչ են խոսել Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հրաժարականին, ապա Դավիթ Բաբայանի կարծիքով` պիտի հրաժարական տա այն մարդը, ով այդպես է մտածում: “Էլի եմ ասում` Կարեն Միրզոյանն այդպես չի մտածել եւ չի մտածում”,-եզրափակեց ԼՂՀ նախագահի խոսնակը: