“Տոնուսի” Աշոտից “գցվածները” կառավարություն էին եկել /վիդեո/
“Մեր որդիները զոհվեցին Արցախում՝ “Արցախ” բանկը տիրացավ մեր բնակարաններին” այս կարգախոսով այսօր կառավարության դիմաց էին եկել “Տոնուս” ընկերության գործնեության հետևանքով տուժած քաղաքացիները:
Նրանք պահանջում են իրենց տրամադրել Դավիթաշեն 2-րդ թաղամասում և Փափազյան 118 հասցեում “Տոնուս” ընկերությունից պայմանագրով ձեռք բերված իրենց բնակարանները:
2006 թվականից 140 ընտանիք “Տոնուս Քոնսթրաքշնս” ՍՊԸ–ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված “ԱՐՑԱԽԲԱՆԿ” ՓԲԸ-ում։
Henaran.am –ի հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանը վրդովմունք հայտնեց և նշեց, որ իր կնոջ հայրը նույնպես պայմանագիր է կնքել հիշյալ ընկերության հետ և 100 տոկոսով վճարել է պայմանագրով սահմանված գումարը:
“60 տոկոսի բնակարանների վկայականները տվել է, մյուսների գույքը գրավ է դրել լկտիաբար, 7 տարի բնակիչների հետ կոնտակտ չի պահել: Հիմա էլ զանգում ենք պարոն Տոնոյանին, եթե կարելի է նմաններին պարոն անվանել, հեռախոսը անջատվածա, արհամարումա բնակիչներին“,-ասաց Արթուր Իսպիրյանը:
Ի դեպ, բողոքող բնակիչները Henaran.am –ին պատմեցին, որ շրջանառվում են լուրեր, թե Տոնոյանը տեղափոխվում է Վրաստան և իրենցից “գցած” փողերով այնտեղ արդեն պահածոների գործարան է գնել:
Մանրամասները՝ Henaran.am –ի տեսանյութում: