«Գյուղերում Ձմեռ պապը փողով չի լինում»
Նախորդ տարի Ձմեռ պապը հյուր է գնացել Արարատի մարզի Նարեկ գյուղում բնակվող փոքրիկներին։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչ տիկին Վարդիթերը։
Ամանորի գիշերը Տիկին Վարդիթերի որդին հյուր է գնացել այն համագյուղացիներին, որոնց տներում փոքրիկներ կան։ Այս տարի էլ հենց նա է մարմնավորելու Ձմեռ պապի կերպարը։
«Որդիս նախապես Ձմեռ պապի հանդերձանք էր գնել։ Որոշեց, որ այս տարի պետք է ուրախացնի մեր գյուղում բնակվող փոքրիկներին։ Բոլորս գիտենք՝ բոլոր փոքրիկների համար էլ նրանց ծնողները նվերներ պատրաստում են նախապես։ Որոշեցինք, որ այդ նվերները մեր համագյուղացիները նախապես որդուս կտան՝ այսինքն՝ Ձմեռ պապին, իսկ նա նվերները տեղ կհասցնի ու կուրախացնի բոլոր բալիկներին։ Ձմեռ պապի գավազանն ու պարկն էլ ինքս իմ ձեռքով զարդարեցի։ Դա որդուս մտահաղացումն էր։ Մեծահասակներն էլ, փոքրիկների պես, շատ էին ուրախացել որդուս նախաձեռնությունից։ Փոքրիկները Ամանորին կտեսնեին Ձմեռ պապին։ Դա հրաշալի նվեր էր բալիկների համար», – պատմեց տիկին Վարդիթերը։
Երբ տիկին Վարդիթերին հարցրինք՝ Ձմեռ պապին վճարում են այդ աշխատանքի համար, չէ՞ որ նա Ամանորն անցկացնում է դրսում՝ տնից տուն գնալով ու փոքրիկներին նվերներ բաժանելով։ Ի վերջո, հայտնի փաստ է՝ տոնական օրերին փոքրիկներին զվարճացնելու համար փոքրիկների ծնողներն, այսպես ասած, վճարում են այդ ծառայության համար, որպեսզի Ձմեռ պապն իրենց տուն էլ հյուր գնա։ Մեր հարցից, սակայն, տիկին Վարդիթերը նույնիսկ մի քիչ նեղացավ, ապա բարի ժպիտով պատասխանեց․ «Գյուղերում Ձմեռ պապը փողով չի լինում։ Դա իմ որդու տոնական նվերն էր փոքրիկներին»։