«Ամեն մարդ իրա յորղանի գյորա պիտի ոտքը երկարացնի»
«Իհարկե, Հայաստանում եմ նշում, Նոր տարին, կարծեմ, ընտանեկան տոն է, չէ՞»,-Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ ասաց դերասան Արտաշես Ալեքսանյանը: Դիտարկմանը, թե շատերը դրսում են նշում տոնը, նա կատակեց. «Դե ուրեմն դրսում էլ ընտանիք ունեն կամ էլ, լավ, ընտանիքով են դրսում նշում»:
Ամանորը Հայաստանում թոռնիկների հետ նշելը Ալեքսանյանի համար ավանդույթ է: Նա նաև սիրում է տոնածադռի զարդարանքի հարցում օգնել թոռնիկներին: «Իրենք էլ են զարդարում, ես էլ եմ օգնում, նույն տարիքին եմ դառնում իրենց հետ, երեխաների հետ ընդհանրապես շատ հաճելի է, իրենց տարիքին ես զգում քեզ»:
Հետաքրքրվեցինք՝ նվերներ գնո՞ւմ է: «Իհարկե, Ձմեռ պապը ես եմ, չէ՞»,-եղավ պատասխանը:
Դերասանը նաև հորդորեց ճոխ սեղաններ գցելու մասին, այսինքն՝ նման մանրուքների մասին չմտածել: «Ամեն մարդ իրա յորղանի գյորա պիտի ոտքը երկարացնի»,-կարծում է Ա. Ալեքսանյանը:
Դերասանը, շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, նա ասաց. «20187-ին ցանկանում եմ, որ Հայաստանում լինի խաղաղություն, Արցախի խնդիրը շուտափույթ լուծում ստանա, հայ մայրերի աչքերից արցունք չթափվի, մեր եղբայրները, մեր զավակները չզոհվեն, գնան, բարով-խերով ծառայեն, գան իրենց ընտանիքներ»: