Համանախագահող երկրների նախագահները հանդես են եկել ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությամբ
“Մեծ ութնյակի” գագաթաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին գործի դնել բոլոր ջանքերը հակամարտությունը հանգուցալուծելու համար, հաղորդում է “Ամերիկայի ձայնը”:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է հետեւյալը. “Մենք` համանախագահ երկրների նախագահներս, շարունակում ենք աջակցել կողմերին` խաղաղ կարգավորման հասնելու հարցում: Մենք ցավում ենք, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերը չեն կարողացել խաղաղ ճանապարհով լուծում գտնել: Մենք առաջվա պես լիովին վստահ ենք, որ վերջին 4 տարվա ընթացքում մեր երկրների կողմից տարածված հայտարարությունները պետք է հիմք հանդիսանան ղարաբաղյան հակամարտության կայուն եւ արդարացի լուծման համար: Այդ հայտարարությունները պետք է դիտարկվեն որպես մեկ ընդհանուր, քանի որ նրանցից ցանկացած մեկին նախընտրություն տալը բացառում է հավասարակշիռ որոշում կայացնելու հավանականությունը:
Մենք ընդգծում ենք, որ միայն բանակցային ճանապարհով տարածաշրջանում կհաստատվի կայունություն, խաղաղություն եւ զարգացման ու համագործակցության հնարավորություն կստեղծվի: Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում արդեն հակամարտություն է առաջացել, չի կարգավորի այն: Թշնամական գործողությունների վերականգնումը մարդկային կորուստների, հետագա ավերածությունների, փախստականների թվի ավելացման եւ մեծ ֆինանսական ծախսերի պատճառ կդառնա: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ հելսինկյան սկզբունքներին, հատկապես նրանց, որոնք վերաբերում են ուժ գործադրելու սպառնալիքներին, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Մենք նաեւ կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կստեղծեն հակամարտությունը վերականգնելու հավանականություն: Ղեկավարները պետք է ժողովրդին պատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:
Մեր երկրները պատրաստ են ամեն կերպ աջակցել կողմերին, սակայն հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը նրանց վրա է: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին թարմ էներգիայով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռեւս բաց են մնացել”: