Գիտնականները տղամարդկանց մոտ հավատարմության հորմոն են հայտնաբերել
Ցանկացած տղամարդու օրգանիզմում նվիրվածության հորմոն կա: Գիտնականների խոսքով` դա օկսիտոցինն է, որը հայտնի է նաեւ որպես գրկախառնության հորմոն:
Այն օգնում է տղամարդկանց հավատարիմ մնալ: Օկսիտոցինի օգնությամբ տղամարդկանց հաջողվում է հեռու մնալ գայթակղիչ կանանցից, եթե նրանք արդեն զուգընկերուհի ունեն: Իսկ ահա միայնակ տղամարդկանց վրա այն որեւէ ազդեցություն չի գործում:
Գիտնականները փորձ են անցկացրել` ոչ միայնակ տղամարդկանց խմբերից մեկի անդամներին տալով օկսիտոցին` սփրեյի տեսքով, մյուսին` պլացեբո, որից 45 րոպե անց նրանց ծանոթացրել են գրավիչ կնոջ հետ, ով շարունակաբար մոտեցել եւ հեռացել է նրանցից` մի որոշ ժամանակի ընթացքում: Այնուհետեւ տղամարդկանց խնդրել են նաեւ պատմել իրենց զգացումների մասին` իրենք ավելի ապահով են զգացել, երբ կինը հեռացե՞լ է, թե՞` երբ մոտեցել է:
Քանի որ օկսիտոցինը ուժեղացնում է վստահության զգացումը, գիտնականները ենթադրել են, թե տղամարդիկ հորմոնի ազդեցության տակ թույլ կտան կնոջը մոտենալ իրենց: Արդյունքը հակառակն է եղել. տղամարդիկ, ովքեր արդեն իսկ հարաբերությունների մեջ են այլ կնոջ հետ, խուսափել են գրավիչ կնոջից կամ իրենք են հեռացել, չնայած վերաբերմունքը նրա հանդեպ չի փոխվել, ամեն դեպքում տղամարդիկ նրան գրավիչ են համարել:
Մեկ այլ փորձ ցույց է տվել, որ օկսիտոցինը ոչ մի կերպ չի ազդել նրա վրա, թե ինչպես են տղամարդիկ այլ տղամարդկանց վերաբերվել եւ որքան են նրանց մոտեցել: Գուցե, դա բնական մեխանիզմ է, որ թույլ է տալիս պահպանել ընտանիքը երեխայի ծննդից հետո, քանի որ օկսիտոցինը կապված է բարեկամական հարաբերություններ հաստատելու հետ: