Հայկական գրադարանների միջազգային համաժողովը Էջմիածնում
Հոկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց “Անցյալի պահպանություն` հանուն ապագայի” խորագրով Հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: Համաժողովին մասնակցում են Հայաստանի եւ Սփյուռքի, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանն ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` գրատպության 500-ամյակի առիթով:
Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց եւ իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարի արդյունքներ մաղթելով համաժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը կարեւորեց միջգրադարանային համագործակցությունը, որի շրջանակներում ծրագրվում է հայագիտական գրականության շտեմարանի ստեղծում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` նշելով, որ առաջիկային Մայր Աթոռում բացվող Մատենադարանն իր ժամանակակից հնարավորություններով լավագույնս կծառայի հայագիտության եւ աստվածաբանական գիտությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաեւ շքանշանի հանձնման արարողություն: Ազգային-եկեղեցական եւ գիտական բեղուն գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշան շնորհվեց համաժողովի մասնակից Տ. Ներսես ավագ քահանա Ներսեսյանին (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ):
Հայրապետական կոնդակն ընթերցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Կոնդակում մասնավորապես ասված է. «Տերունապատվեր Ձեր սպասավորությունը Դուք իրականացրել եք Մեծ Բրիտանիայի Հայոց թեմում` հոգեւոր սնունդ մատուցելով մեր Եկեղեցու բարեպաշտ զավակներին: Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Դուք Ձեր ուսումնառությունն ամբողջացրեցիք Լոնդոնի հեղինակավոր Քինգս Քոլեջ համալսարանում` արժանանալով Աստվածաբանության բակալավրի եւ Փիլիսոփայության դոկտորի պատվավոր կոչումներին: Վաստակաշատ եկեղեցականիդ գործունեության երկարամյա տարիներն արդյունավորվել են Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Արեւելքի բաժանմունքի տնօրենի պատասխանատու պաշտոնում: Դուք խնամք եք տարել մեր հոգեւոր-մշակութային սրբազան արժեքների պահպանությանը եւ կարեւոր նպաստ բերել հրատարակությանց ու ցուցահանդեսների միջոցով հայ մշակույթը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու գործում:
Մասնավոր գոհունակության առիթ է Մեզ համար հաստատել, որ բեղուն է եղել նաեւ Ձեր գրիչը` նորանոր ակունքներ բխեցնելով հավատացյալ հայորդյաց կրոնական գիտելյաց զորացման համար: Այսօր Ձեր հեղինակությամբ ընթերցողի սեղանին են արժեքավոր ուսումնասիրութուններ, որ արդյունքն են բազում տարիների Ձեր նվիրյալ եւ անհոգնաբեկ աշխատանքի: Ձեր գիտական գործունեության արգասիքները ամրապնդում են Մեր հավատավոր զավակների հավատքը, համալրում իմացության պաշարը»:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը Ներսես ավագ քահանային հանձնեց ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ շքանշանը` մաղթելով երկար տարիների արեւշատություն եւ նորանոր գիտական ձեռքբերումներ:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: