Լրագրության եւ չլրագրության սահմանը սենսացիա է. Առավոտ
“Սենսացիոն բացահայտում. ովքեր են պատվիրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը”, “Հերթական սկանդալը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ”, “Ով է Նազենի Հովհաննիսյանի առեղծվածային երկրպագուն”:
Այսպիսի վերնագրեր րոպեն մեկ տեղադրվում են համացանցում Հայաստանում գործող հարյուրավոր կայքերի կողմից: Եթե դուք սխալմամբ սեղմեք այդ վերնագրի վրա` մտածելով, թե դրա տակ իրականում կա ինչ-որ աշխարհացունց բացահայտում, ապա շատ արագ կհիասթափվեք, որովհետեւ լավագույն դեպքում այնտեղ կլինի հանրահայտ փաստերի շարադրանք, իսկ սովորաբար` ընդհանրապես որեւէ բառ չկա հայտարարված թեմայով:
Հավանաբար, նման հրապարակումները նախատեսված են այն միամիտների համար, ովքեր կուլ են տալիս խայծը եւ շարունակում են բացել նման վերնագրեր պարունակող տեքստերը: Կամ, այն ինչ ընդունված է անվանել “լրագրություն”, սրընթաց դեգրադացիա է ապրում, կամ էլ պարզապես ջնջվում է սահմանը լրագրության եւ “չլրագրության”, մասնավորապես ֆեյսբուքյան “ստատուսագրության” եւ “քոմենթագրության” միջեւ:
Իհարկե, ինտերնետի դարաշրջանից առաջ էլ` 90-ականներին “պատի տակի” խոսակցությունները բավականին հաճախ մատուցվում էին որպես լրագրողական նյութ, եւ վիրավորանքների ցանկացած շարան` որպես “հրապարակախոսություն” (հիշո՞ւմ եք, օրինակ, “Հնչակ Հայաստանի” թերթը), սակայն գուտեմբերգյան եղանակով տարածվող այս բամբասանքներն ու լուտանքները հնարավոր չէր, ասենք, share անել:
Այսօր “լրագրության” միջոցով ցանկացած քաղաքացի կարող է հաշիվ մաքրել իր “չուզողների” հետ, կարող է ինքնահաստատվել ցանկացած “աբիժնիկ” եւ կամ նույնիսկ մոլագար:
Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արատների դեպքում ես հավատում եմ, որ դրանք ժամանակավոր են: Դա չի նշանակում, իհարկե, որ պետք է ձեռքերը ծալած նստել եւ սպասել, թե երբ են այդ արատները վերանալու: Ոչ, դրանց դեմ պետք է պայքարել:
Մանրամասները՝ Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականում: