Մեր ընդդիմադիր գործընկերները միայն մտածում են՝ ”ինչքան վատ, այնքան լավ” սկզբունքով. Հերմինե Նաղդալյանը տարակուսում է

Այսօր Ազգային ժողովում բավական բուռն քննարկումների առիթ դարձած Դիլիջանի միջազգային դպրոցի ներդրումային ծրագրի շուրջ ընդդիմադիր գործիչների կողմից բարձրացված հարցապնդումների պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով իր գործընկերներին հորդորեց, նախ եւ առաջ, ծանոթանալ ծրագրի բուն էությանը, բավարար տեղեկացվել, հետո նոր դիմել արհեստական խոչընդոտներ մոգոնելու հայտնի գործելավոճին.
“Լիագումար նիստերի դահլիճում հարցի քննարկումը մեր ընդդիմադիր գործիչները բացարձակապես այլ ուղղությամբ տարան, եւ ստացվեց մի քննարկում, որը բացարձակապես չի համապատասխանում այն թեմային եւ հարցադրմանը, որն օրակարգում էր:
Ընդամենը վերնագրից էլ հասկանալի էր, որ օրինագիծը վերաբերում է ոչ թե Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրին, այլ այդ ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրմանը, եւ այստեղ անդրադառնալ կրթական ծրագրերի մանրամասներին , դրանց պայմաններին , պահանջներին ու կոնցեպտներին, պարզապես չեղած թերություններ հայտնաբերելու արհեստական ճանապարհ է”:
Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրին , տիկին Նաղդալյանը նշեց, որ դրա քննարկումն ու կատարումը կառավարության լիազորության շրջանակներում է, եւ վստահություն հայտնեց, որ այս առումով կառավարության լիազոր մարմինը լրջորեն զբաղվում է . ՛՛Այլ կերպ չէր էլ կարող լինել , որովհետեւ նման մակարդակի՝ ոչ միայն արժողությամբ, այլեւ բովանդակային առումով ծրագիր Հայաստանը չունի եւ չի ունեցել, եւ, բնականաբար, Կրթության նախարարությունը, որպես ոլորտի լիազոր մարմին, մաքսիմալ ուշադրությամբ է դրան վերաբերվում¦:
Հ. Նաղդալյանի համոզմամբ՝ քննարկումների ընթացքում մեր ընդդիմադիր ուժերը ցուցաբերեցին մերժողական վերաբերմունք, որը բնութագրվում է հետեւյալ պարզունակ ձեւակերպմամբ՝ “մենք դեմ ենք բոլոր լավ ծրագրերին, ինչ դուք եք իրականացնում¦: Ըստ Նաղդալյանի, այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ երկրում ներդրում իրականացնելը վատ է.
“Այն էլ մի ժամանակահատվածում, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վնասները դեռ չհաղթահարած, բոլոր երկրները մտածում են ամեն գնով ավելի շատ ներդրումներ գրավել: Այսօր մենք ունենք կես միլիարդ դոլարից ավելի արժողությամբ ներդրումային ծրագիր , այն էլ ներդրումներ՝ մարդկային կապիտալի մեջ, եւ որեւէ մեկը չպետք է դրան քամահրանքով վերաբերվի”:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ ՝ ընդդիմադիր գործիչների կողմից մատնանշած բոլոր խոչընդոտները բացարձակ արհեստական են. “Հնարավոր է, կա տեղեկատվության պակաս, լրացուցիչ նյութերի կարիք կամ հարցերի բովանդակային մասին ծանոթանալու խնդիր:
Այս մասին ԱԺ նախագահը նույնպես բարձրաձայնեց, բայց դրա համար հարց ու պատասխանի կարգ գոյություն ունի, այդ բոլոր հարցերը կարելի է հնչեցնել եւ պատասխաններ ունենալ, ինչպես նաեւ, կան տեղեկատվություն ստանալու բազմաթիվ այլ ձեւեր եւս՝ կայքի զննմամբ, կառավրությանն ուղղված գրավոր հարցմամբ եւ այլն, ինչին էլ դիմեցին մեր կոլեգաներից շատերը: Բայց այս ամենի փոխարեն՝ ամպագոռգոռ, անտեղի արտահայտություններ անել, ինչպես ասենք՝ թվերի նույնությամբ դպրոցը կազինոյի հետ համեմատելը, կարծում եմ, անհարմար է, պետք է չափ լինի ամեն ինչում: Կամ ո՞վ չգիտե, որ կարող են եւ չարաշահումներ լինել:
Արդյոք կա՞ որեւէ նախագիծ ՝անկախ նրանից արտոնյալ է, հարկերից ազատված, թե ոչ, որն ապահովագրված է չարաշահումներից: Նման բան ոչ ոք չի կարող ասել, բայց կա կառավարություն, կան պատկան մարմիններ, որոնք հսկողություն են սահմանում եւ իրականացնում: Այս ամենը անտեսելով՝ երբեւիցե հնարավոր չարաշահումները խոչընդոտ դարձնել եւ այդ հիմքով հրաժարվել, վանել երկրից նման ներդրումային ծրագիր՝ անվանելով այն ավանտյուրա, կարծում եմ, առնվազն սխալ է:
Ինչ վերաբերում է մեկ այլ հարցադրմանը, թե՝ լավ կրթություն ստացած երիտասարդները լքելու են երկիրը, ապա այստեղ արդեն մտահոգիչ են մարդիկ, ովքեր այդպես են մտածում՝ թե երեխաները կրթություն չստանանան, որպեսզի երկիրը չլքեն: Ի՞նչ հետեւություն անենք այդ մտքից՝ փակե՞նք կրթական հաստատությունները: Շատ անլուրջ է”:
Տիկին Նաղդալյանին առավել տարակուսելի է թվում ծրագրի ընդգրկման սահմանների շուրջ ընդդիմադիր կոլեգաների բարձրացրած հարցադրումը. “Դիլիջան ասելով՝ հասկանում եք հենց քաղաքը, թե՞ շրջակա գյուղերն էլ – եւ սա հարցնում են մարդիկ, ովքեր լավ տնտեսագետի համբավ ունեն , ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում 100 մլն կամ 500 մլն. դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որ գա մտնի Դիլիջան, շրջակա գյուղեր, կամ Տավուշի մարզ (այն դեպքում, երբ մենք մարզերի համաչափ զարգացման խնդիր ունենք), կամ ողջ Հայաստանի համար ինչպիսի նշանակություն կարող է ունենալ:
Ես շատ հեռու եմ այն միամտությունից, որ կարող է մեր ընդդիմադիր գործընկերները հնարավորություն չեն ունեցել խորանալ եւ ռեալ գնահատել ծրագրի էությունը եւ թե ինչ հեռանկարներ է այն խոստանում Հայաստանի համար. այստեղ բացատրությունը միայն մեկն է՝ իրենք մտածում են՝ “ինչքան վատ, այնքան լավ” սկզբունքով:
Այս օրինագծի քննարկումը ցույց տվեց մեկ բան՝ որ ընդդիմությունն այսօր ղեկավարվում է մեկ մոտեցմամբ՝ ժխտել, առկախել եւ խոչընդոտել երկրում ընթացող ամեն դրական գործընթաց”: